Հարավային Կորեան և ԱՄՆ-ը նախատեսվածից շուտ կավարտեն համատեղ զորավարժությունները

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերը համատեղ Ulchi Freedom Shield զորավարժությունները նախատեսվածից շուտ՝ օգոստոսի 21-ին կավարտեն։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն։

Ulchi Freedom Shield զորավարժությունները պետք է անցկացվեին օգոստոսի 17-27-ը։ «Ամերիկյան կողմի առաջարկով Հարավային Կորեան և ԱՄՆ-ը որոշել են փոփոխել զորավարժությունների ժամկետն ու մասշտաբը։ Ներկայիս Ulchi Freedom Shield զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 17-21-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ulchi Freedom Shield-ը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից անցկացվող երկու խոշորագույն զորավարժություններից մեկն է։ Հարավային Կորեան նախատեսում էր դրանց ներգրավել շուրջ 18 հազար զինծառայողի։

Կոմիտեում նաև նշել են, որ որոշվել է մասամբ կրճատել համատեղ դաշտային զորավարժությունները, իսկ դրանց մանրամասները կողմերը դեռ համաձայնեցնում են։

Մայիսի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ հարաբերությունների» մասին և դժգոհություն հայտնել, որ ԱՄՆ-ը «վաղուց համաձայնել է մասնակցել» Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին։

Թրամփը Truth Social-ում նշել էր, որ զորավարժությունների ծախսերի մեծ մասը հոգում է ԱՄՆ-ը, և դրանք «բոլորովին անտեղի ու թշնամական ազդանշան են ուղարկում» մի երկրի, որը Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում սպառնալիք չի ներկայացրել և հարգանք է դրսևորել։ Սկզբում Հարավային Կորեան պնդում էր, որ զորավարժությունների մասշտաբը չի փոխվել։

Leave a Comment