Հնդկաստանի Բիհար նահանգում վագրի հարձակման հետևանքով ֆերմերի մահը անկարգությունների պատճառ է դարձել։ Ի նշան բողոքի՝ տեղի բնակիչները սպանվածի մարմինը բերել և դրել են ճանապարհին։ Այս մասին հայտնել է Hindustan Times-ը։
45-ամյա ֆերմերի մարմինը հայտնաբերվել է Վալմիկի վագրերի արգելավայրի հարակից Բհերիհարի գյուղի գյուղատնտեսական դաշտում։ Նրա վրա, ըստ իշխանությունների, վագրը հարձակվել է դաշտում աշխատելիս։
Ֆերմերի մահվան մասին տեղեկությունից հետո գյուղացիները փակել են տեղական մայրուղին և հարձակվել անտառային ծառայության աշխատակիցների վրա՝ վնասելով գերատեսչության մեքենան։
Բնակիչների կտրուկ արձագանքը պայմանավորված է գիշատիչ կենդանիների հարձակումների աճով։ Hindustan Times-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին Բիհարի նույն շրջանում սա մարդու և վայրի կենդանու բախման հետևանքով մահվան արդեն երրորդ դեպքն է։