Ընտրություններին մասնակցելու նոր պահանջ․ ովքե՞ր կարող են զրկվել քվեարկելու հնարավորությունից

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված սահմանադրական օրենքով փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ Նոր կարգավորումներով փոխվում են ընտրելու իրավունքի իրացման հետ կապված պահանջները՝ մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու փաստացի գտնվելու ժամկետի մասով։

ԱԺ ընտրություններին մասնակցելու համար՝ 366 օր փաստացի գտնվելու պահանջ

Նոր կարգավորմամբ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրը 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում հաշվարկման ժամանակահատվածը կսկսվի քվեարկության օրվան նախորդող 28-րդ օրվանից՝ նույն 730-օրյա ժամանակահատվածում։

Այսինքն՝ միայն ՀՀ քաղաքացի լինելը բավարար չի լինի․ ընտրելու իրավունքի իրացման համար սահմանվում է նաև Հայաստանում փաստացի գտնվելու նվազագույն ժամկետ։

Փոփոխություններ՝ ՏԻՄ ընտրությունների դեպքում

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ևս սահմանվում է Հայաստանում փաստացի գտնվելու պահանջ։

  • Ընտրելու իրավունք կունենան համայնքի բնակչության ռեգիստրում առնվազն վեց ամիս հաշվառում ունեցող և օրենքով սահմանված ժամանակահատվածում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի գտնված ՀՀ քաղաքացիները։
  • Առանձին կարգավորում է նախատեսվել այն քաղաքացիների համար, որոնք համայնքում առնվազն վեց ամսվա հաշվառում չունեն, սակայն այնտեղ հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքով պայմանավորված։
  • Բացի այդ, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե օրենքով սահմանված ժամանակահատվածում Հայաստանում օրինական հիմքերով փաստացի գտնվելու պահանջը բավարարում են։

Որ դեպքերում արտերկրում գտնվելը չի հաշվարկվի որպես բացակայություն

Օրենքը մի շարք բացառություններ է նախատեսում։ Հայաստանում փաստացի գտնվելու ժամկետը հաշվարկելիս չի ներառվի այն բացակայությունը, որը պայմանավորված է՝

  • ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելով,
  • ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ նրա հետ արտերկրում բնակվելով,
  • արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությամբ։

Ինչպե՞ս է ստուգվելու փաստացի գտնվելու հանգամանքը

Փոփոխություններով նախատեսվում է ընտրողների ցուցակների ձևավորման նոր մեխանիզմ։ Դրանք կազմվելու են ՀՀ ընտրողների ռեգիստրի և ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ հատուկ ծրագրային ապահովման միջոցով փոխգործելիության արդյունքում ստացված տվյալների հիման վրա։

Այսինքն՝ ընտրողների ցուցակների ձևավորման ժամանակ հաշվի կառնվի նաև անձի՝ ՀՀ սահմանը հատելու և երկրում փաստացի գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը։

Եթե քաղաքացին ունի հաշվառում, բայց չի բավարարում փաստացի գտնվելու պահանջը

Օրենսգրքում նախատեսվել է նաև համապատասխան կարգավորում այն անձանց համար, որոնք հաշվառված են տվյալ ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն Հայաստանում փաստացի գտնվելու սահմանված ժամկետը չբավարարելու պատճառով չեն ընդգրկվել ընտրողների ցուցակում։

Օրենքի համաձայն՝ այդ անձանց համար նախատեսվում է հնարավորություն ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմելու՝ օրենքով սահմանված կարգով։

Ե՞րբ են փոփոխություններն ուժի մեջ մտնելու

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո։

Այսպիսով, նոր կարգավորումներով ընտրելու իրավունքի իրացման հարցում էական նշանակություն է ստանում ոչ միայն ՀՀ քաղաքացիությունը կամ բնակության հասցեում հաշվառված լինելը, այլև օրենքով սահմանված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու հանգամանքը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Leave a Comment