Ճապոնիան նախատեսում է սկսել ստորջրյա տեղակայման հիպերձայնային հրթիռների մշակումը

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2027 թվականին սկսել ստորջրյա տեղակայման հիպերձայնային հրթիռների և հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակումը։ Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ համապատասխան ծրագրերն արդեն ներառված են պաշտպանության նախարարության 2027 թվականի բյուջեի նախագծում։ Ընդգծվում է, որ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեում հատուկ ուշադրություն է դարձվելու «հակահարվածի ներուժի» իրացման հետ կապված տեխնոլոգիաներին և սպառազինությանը։

Ճապոնական կողմը մտադիր է սկսել ստորջրյա տեղակայման հիպերձայնային հրթիռների մշակումը, որոնք ավելի դժվար կլինի որսալ, ինչպես նաև տեխնոլոգիաներ մշակել, որոնք թույլ կտան ստորջրյա անօդաչու սարքերին համալրել հեռահար հրթիռներ արձակելու հնարավորությամբ։

ՀՕՊ ոլորտում նախատեսվում է ձեռք բերել անօդաչու որսացող սարքեր, ինչպես նաև նավերից արձակվող հարվածային անօդաչուներ։ Միացյալ օպերատիվ հրամանատարության համար կստեղծվի նաև արհեստական բանականության հիմքով որոշումների կայացմանն աջակցող համակարգ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը 2027 ֆինանսական տարվա համար նախատեսում է ռեկորդային՝ 8,9 տրիլիոն իեն (ներկայիս փոխարժեքով՝ 56,3 միլիարդ դոլար) բյուջե պահանջել։ Միաժամանակ, հարակից ծախսերը ներառելու դեպքում Ճապոնիայի պաշտպանական ծախսերը, ամենայն հավանականությամբ, կգերազանցեն 10,6 տրիլիոն իենը (67,08 միլիարդ դոլար) և կկազմեն երկրի ՀՆԱ-ի շուրջ 1,5 տոկոսը։

Ճապոնիայի կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Դրանում, մասնավորապես, նշվում է պոտենցիալ հակառակորդի տարածքում գտնվող թիրախներին հակահարվածներ հասցնելու Ճապոնիայի իրավունքը։ Միաժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ կանխարգելիչ հարվածներ հասցնել չի թույլատրվում։

Ռազմավարությունը նախատեսում էր նաև մինչև 2027 թվականը ռազմական ծախսերը, ՆԱՏՕ-ի օրինակով, հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին։ Սակայն վարչապետ Սանա Տակաիչին արդեն խոստացել է այդ նպատակին հասնել նախատեսված ժամկետից շուտ։

Հակահարվածի ներուժ ստեղծելու համար Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է մեծացնել իր զինանոցում առկա «Տիպ-12» հրթիռների գործողության հեռահարությունը, մշակել սեփական հիպերձայնային սպառազինություն և ձեռք բերել ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ։

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց գրեթե անմիջապես հետո Տակաիչին հանձնարարել է վերանայել անվտանգության ոլորտի հիմնական փաստաթղթերը, այդ թվում՝ ազգային անվտանգության ռազմավարությունը՝ դա պայմանավորելով աշխարհում և Ճապոնիայի շրջակայքում ստեղծված անվտանգության բարդ իրավիճակով։

Leave a Comment