Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելուն։
«Այս անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումն Ադրբեջանի և հանրապետության հետ նրա հարաբերությունների նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան գոյություն ունեցող երկկողմ իրավական շրջանակի, առաջին հերթին՝ 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ամենաբարձր մակարդակով ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի հիման վրա», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ռուսական կողմը կապահովի իր քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշման համատեքստում։
«Միևնույն ժամանակ, մենք չենք կարող չնշել, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ պատմությունները մշտապես առկա են Ադրբեջանի տեղեկատվական տարածքում։ Մենք բազմիցս առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ նրանք մասնագիտացված խորհրդակցությունների ժամանակ քննարկեն տեղեկատվական միջավայրի բարելավման հարցերը՝ հանգիստ, առանց քաղաքականացման կամ լրատվամիջոցների աղմուկի։ Մենք հույս ունենք, որ նման երկխոսություն կկայանա», – հավելել է Զախարովան։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ լրագրողներ Իվան Կնյազևի և Սեմյոն Ուրալովի, ինչպես նաև լրագրող Ալեքսեյ Չադաևի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդականի նկատմամբ: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի, պետության դեմ կոչերի և էթնիկ ատելության ու թշնամանքի հրահրման հոդվածներով:
Օգոստոսի 18-ին Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախարարությունը բողոք է հայտնել դեսպանին վերջերս ռուսական լրատվամիջոցներում և տեղեկատվական տարածքում Ադրբեջանի մասին արված «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների կապակցությամբ:
