«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Ոսկու սրբազան նշանակության մասին.
Քաղաքակրթությունների պատմության ակունքներից բոլոր հնագույն քաղաքակրթությունները ունեցել են ոսկու սրբազան նշանակության, խորհուրդի մասին իմացություն: Ընդհանուր առմամբ՝ ոսկին ընկալվել է՝ որպես հոգևորի, բարձրագույն իմացության խորհուրդ: Արքայական ու հոգևոր նյութական կյանքում ոսկյա իրերն ունեցել են հոգևորի նյութական արտացոլման նշանակություն, արքայականի դեպքում՝ նաև հոգևոր իմացությամբ զորացած իշխանության, իմաստուն կառավարման խորհուրդ: Միջնադարում ոսկին ընկալվել է՝ որպես Աստծո անպատկերելի ներկայության սիմվոլ: Ահա թե ինչ նշանակություն ունեն սրբապատկերների ամբողջ ֆոնը գրավող ոսկին, ոսկյա առարկաները կրոնական սպասքում (հոգևոր արարողության սպասավորման առարկաներում), հոգևորականների հագուստում:
Ինչպես խորքային հոգևոր իմացության այլ ձևեր, սա ևս հայտնի է եղել մեր քաղաքակրթությանը: Ե՛վ մինչքրիստոնեական շրջանում՝ սկզբնավորումից, և՛ միջնադարում ոսկին կիրառվել է այս նույն նշանակությամբ: Սբ Գրիգոր Տաթևացին արդեն միջնադարում, ոսկին անվանում է «անապական»՝ իբրև հինգերորդ էության խորհուրդ, տարր, մինչդեռ մյուս գույները (կարմիր, կանաչ, սև, կապույտ) խորհրդանշում են չորս տարրերը:
Միջնադարից հետո, նոր ժամանակներում, շատ նկարիչներ են ոգեշնչվել այս իմացության հիմքի վրա ստեղծած արվեստից՝ նոր արվեստ ստեղծելու համար: Ամենից ճանաչելի օրինակը բերեմ. Գուստավ Կլիմտը իր նշանավոր «ոսկյա շրջանի» շարքը («Համբույր», «Ոսկյա Ադել» և այլն) ստեղծել է Ռավեննայի բյուզանդական ոսկեթաթախ խճանկարները տեսնելուց հետո»:

Աղբյուրը`   Անուշ Հակոբյան

Leave a Comment