Ֆրանսիան հայտարարել է Իրանի երկու դիվանագետի արտաքսման մասին

Ֆրանսիան առաջիկայում կարտաքսի իրանական երկու դիվանագետի՝ ի պատասխան Իրանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության երկու աշխատակցի ձերբակալության։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Ես հայտարարել եմ, որ այս անընդունելի գործողությունները հետևանքներ կունենան։ Առաջիկա օրերին երկու իրանցի դիվանագետ կարտաքսվեն Ֆրանսիայից», – գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Բարոնն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 19-ին Իրանում ձերբակալվել են Ֆրանսիայի երկու դիվանագետներ։ Նրա խոսքով՝ նրանք զբաղվում էին Իրանում ֆրանսիական՝ «քաղաքացիական հասարակությանն աջակցելու» ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ որոշ իրանցի գիտնականների և արվեստագետների աջակցությամբ։ Դիվանագետներին մի քանի ժամ պահել են, հարցաքննել, իսկ նրանցից մեկի նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել և վերադարձել Ֆրանսիա։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բարոյի հետ հեռախոսազրույցում անընդունելի է անվանել դիվանագետների գործողությունները՝ դրանք որակելով ոչ պրոֆեսիոնալ։ Նա ընդգծել է, որ ընդունող երկրի օրենքների և դիվանագիտության համընդհանուր ճանաչված սկզբունքների պահպանումը «անհրաժեշտ պայման է օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատանքի շարունակման համար»։

Leave a Comment