Պեստիցիդների արտադրության ու վաճառքի համար կսահմանվեն լիցենզավորման նոր պահանջներ

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։Նախագծի ընդունմամբ պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի ոլորտում կներդրվեն լիցենզավորման հստակ կարգավորումներ՝ բարձրացնելով տնտեսվարողների մասնագիտական և տեխնիկական պատրաստվածության մակարդակը։ Կարգավորումները կնպաստեն վտանգավոր նյութերի շրջանառության կանխարգելմանը, էկոլոգիական և բուսասանիտարական ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև հանրային առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Կարգավորման ենթակա խնդիրը

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության և վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է ՀՀ վարչապետի 2026 թվականի ապրիլի 30-ի «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 372-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։

 «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-74-Ն օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-75-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենքներ) ընդունմամբ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունը կամ վաճառքը սահմանվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։

Նախագծի մշակումը նպատակաուղղված է օրենսդրական դաշտում ամրագրված նորմերի գործնական կիրարկմանը։ Նախագծով ահմանվում են պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի ոլորտների լիցենզավորման սկզբունքները, որոնք հստակեցնում են լիցենզավորման ամբողջական ընթացակարգը, լիցենզիայի ստացման նախապայմանները, ինչպես նաև տվյալ գործունեությամբ զբաղվող սուբյեկտների մասնագիտական որակավորմանը, տեխնիկական վերազինմանն ու կազմակերպչական պատշաճ մակարդակին ներկայացվող հիմնարար պահանջները։ Նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված են պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների մասնագիտական կոմպետենտության բարձրացման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, ինչպես նաև բնապահպանական ու կենսաբանական անվտանգության կանոնների անվերապահ ապահովման կենսական անհրաժեշտությամբ։

 Առկա իրավիճակը

Պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության ոլորտում պետական վերահսկողության իրավական հիմքերը դեռևս ամբողջացված չեն, քանի որ բացակայում են արտադրական ու իրացման գործունեության լիցենզավորման հստակ կառուցակարգերը, ինչպես նաև սուբյեկտների մասնագիտական որակավորմանը ներկայացվող պարտադիր պահանջները։

Գործնականում այնկարող է բերել անվերահսկելի ռիսկերի, մասնավորապես՝ քիմիական անվտանգության կանոնների խախտումներ, բուսասանիտարական հավասարակշռության խաթարում և շրջակա միջավայրի համար վտանգավոր նյութերի կիրառում։

Քանի որ ագրոքիմիկատների արտադրության և վաճառքի շղթաները դասվում են բարձր ռիսկայնություն ունեցող գործունեության տեսակների շարքին, ոլորտի կանոնակարգումն ու լիցենզիայի շնորհման խիստ նախապայմանների սահմանումը դառնում է պետության էկոլոգիական և տեխնիկական անվտանգության քաղաքականության անկյունաքարային պահանջը

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման հիմնական նպատակն է պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի ոլորտներում ներդնել պետական կանոնակարգման և իրավական վերահսկողության գործուն մեխանիզմներ։

Այն ուղղված է շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների համար հստակ, թափանցիկ և միասնական չափորոշիչների սահմանմանը, ինչը թույլ կտա երաշխավորել արտադրական և իրացման շղթաներում ներգրավված անձնակազմի պատշաճ մասնագիտական որակավորումն ու նյութատեխնիկական բազայի համապատասխանությունը ժամանակակից անվտանգային պահանջներին։

Կարգավորմամբ նպատակ է հետապնդվում նվազագույնի հասցնել անորակ կամ վտանգավոր քիմիական նյութերի շրջանառությունը, կանխարգելել բուսասանիտարական ու էկոլոգիական հնարավոր ռիսկերը և ապահովել հանրային առողջապահության, տեխնիկական անվտանգության ու շրջակա միջավայրի պաշտպանության բարձր մակարդակ»։

Սույն նախագիծն ունի իրավական-կանոնակարգող և վերահսկողական բնույթ։ Այն հանդիսանում է օրենսդրական բարեփոխումների բաղկացուցիչ մաս, որով սահմանվում են պեստիցիդների և ագրոքիմիկատների ոլորտում լիցենզիայի շնորհման պարտադիր նախապայմանները, լիցենզավորվող անձանց ներկայացվող մասնագիտական, տեխնիկական և կազմակերպչական պահանջները, ինչպես նաև լիցենզավորման ամբողջական ընթացակարգը։

Նախագծի բնույթը պայմանավորված է պետության կողմից բարձր ռիսկայնություն ունեցող գործունեության տեսակների նկատմամբ վարվող քաղաքականությամբ, որի առանցքում ոչ թե տնտեսվարողների գործունեության սահմանափակումն է, այլ դրա կանոնակարգումը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգ, կանխատեսելի և մրցունակ բիզնես միջավայր ձևավորելու համար»։

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման և բույսերի հիվանդությունների ու վնասակար օրգանիզմների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ սահմանված քաղաքականությունից։

Սույն նախագծի ընդունումը ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ռազմավարական նպատակներից և համապատասխանում է պետական քաղաքականության առաջնահերթություններին։

Մասնավորապես, այն փոխկապակցված է ՀՀ Կառավարության գործունեության ծրագրի այն դրույթների հետ, որոնք նպատակաուղղված են ագրարային ոլորտի կայուն զարգացմանը, հանրության կենսաբանական ու քիմիական անվտանգության երաշխավորմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։

Պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության փուլում լիցենզավորման և հստակ չափորոշիչների ներդրումը հանդիսանում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարությամբ սահմանված քայլերի տրամաբանական շարունակությունը՝ միտված տեղական արտադրանքի անվտանգության մակարդակի բարձրացմանը, միջազգային ստանդարտների տեղայնացմանը և արտահանման ներուժի ընդլայնմանը

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ կամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջացնում։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բյուջեի եկամուտների ավելացում, քանի որ օրենսդրությամբ սահմանված գործունեության տեսակի լիցենզավորման համար նախատեսված է պետական տուրքի վճարում։

 

 

7 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի ոլորտի համակողմանի և թափանցիկ իրավական դաշտ։

Որպես արդյունք՝ շուկայում կներդրվեն լիցենզավորման հստակ կառուցակարգեր, ինչը կերաշխավորի տնտեսվարող սուբյեկտների մասնագիտական պատրաստվածության և նյութատեխնիկական հագեցվածության բարձր մակարդակ։

Իրավական այս գործիքակազմի կիրառումը թույլ կտա արդյունավետորեն կանխարգելել անորակ կամ վտանգավոր քիմիական նյութերի ներթափանցումը շուկա, էապես նվազեցնել բուսասանիտարական և էկոլոգիական ռիսկերը, ինչպես նաև ապահովել քիմիական անվտանգության խստագույն ստանդարտների պահպանումը՝ ի նպաստ հանրային առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության։

 

Leave a Comment