Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանող «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանից անձամբ ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը։
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը կայացել է օգոստոսի 17-ին՝ Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ընտրված ուսանողի համար նախատեսվել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Ընտրության ընթացքում կարևորվել են ոչ միայն առաջադիմությունը, այլև երիտասարդների նպատակները, կրթության նկատմամբ վերաբերմունքն ու ապագայի տեսլականը։Կարապետյանի խոսքով՝ երիտասարդների կրթությանն ու ձեռքբերումներին ուղղված նման ծրագրերը շարունակական են լինելու։

«Մենք միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, մենք միշտ հայտնաբերելու ենք լավագույն, տաղանդավոր մեր երիտասարդներին և ամեն ինչով փորձելու ենք ընդառաջեել, օգնել, հիմնական ուղղությունը լինելու է մշակույթին, կրթությանն օգնելը»,- ասել է նա։
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հայտնել է, որ հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ ուժի մեջ մտած սահմանափակումները՝ արդեն իսկ ընտրություններ նշանակված համայնքների ուսանողները չեն մասնակցել միջոցառմանը, և այս փուլում նրանց ուսման վարձի փոխհատուցումը չի տրամադրվի։
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը ստեղծվել էր Սամվել Կարապետյանի կողմից՝ ի հիշատակ իր հոր՝ մանկավարժ Սարգիս Կարապետյանի։ Հիմնադրամն իրականացնում է կրթական և սոցիալական ծրագրեր։
