«Լեզվի մասին» օրենքը կփոխվի․ կսահմանվեն հայերենի իմացության գնահատման չափորոշիչներ

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ «Լեզվի մասին» օրենքում նախատեսվում են մի շարք փոփոխություններ՝ լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակը իրավականորեն ամրագրելու, հայերենի իմացության գնահատման չափորոշիչներ սահմանելու և Լեզվի կոմիտեի լիազորություններն ընդլայնելու նպատակով։

իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որպես պետական լեզվի կարգավիճակը, կիրառության շրջանակները և լեզվական հարաբերությունների հիմնական սկզբունքները սահմանող իրավական փաստաթուղթ, ընդունվել է 1993 թվականին։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական փոփոխությունների համատեքստում առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնք անհրաժեշտություն են առաջացրել փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։  Մասնավորապես, կարիք է առաջացել վերանայել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված մի շարք հասկացություններ, խմբագրել գործող ձևակերպումները և լրացնել նոր հասկացություններով՝ դրանք համապատասխանեցնելով լեզվական պետական քաղաքականության իրականացման արդի մարտահրավերներին։ Կարիք է առաջացել նաև ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ներդրումն ապահովող լիազորող նորմեր սահմանել։

Փոփոխություններով մասնավորապես վերանայվել է լեզվական պետական քաղաքականության հասկացությունը, որի արդյունքում ընդլայնվել է դրա բովանդակային շրջանակը։ Այդ փոփոխության հիմքով օրենքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել մի շարք նոր հասկացություններ, մասնավորապես՝ ուսումնասիրություն, մշտադիտարկում, լեզվական վերահսկողություն, լեզվական փորձաքննություն, լեզվական բազմազանություն, ինչպես նաև հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ։

Ամբողջությամբ հանվել է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, քանի որ բովանդակային առումով այն կրկնում է 1-ին և 2-րդ պարբերությունների բովանդակությունը։ Լրացումներ են կատարվել 2-րդ և 5-րդ հոդվածներում՝ լիազորող նորմեր սահմանելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ներդրման համար։

Փոփոխություններ են առաջարկվել նաև Լեզվի կոմիտեի լիազորություններին վերաբերող 6-րդ հոդվածում։ Դրանք նույնպես ուղղված են լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակի իրականացմանը։  Այդ համատեքստում Լեզվի կոմիտեին վերապահել է լեզվական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչների մշակման, հայերենի միջազգային տեղեկատվական ցանցերում և թվային միջավայրերում ինտեգրման ապահովման, ինչպես նաև լեզվական ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններում և դրանց մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործունեության համակարգման լիազորություններ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել արդի մարտահրավերներին համահունչ լեզվական պետական քաղաքականության ձևավորման և իրականացման իրավական մեխանիզմներ։ 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Լեզվի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում լեզվական հարաբերությունները, պետական լեզվի կիրառության իրավական մեխանիզմները, լեզվական քաղաքականության շրջանակը։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հունիսի 30-ի N 07-Լ հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որով ընդլայնվել են լեզվական պետական քաղաքականության շրջանակը՝ ներառելով Հայաստանի Հանրապետության լեզվական բազմազանության պահպանումն ու զարգացումը սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթ արմատավորելու համատեքստում։ Հիմնադրույթների մի շարք դրույթներ 2026 թվականի մայիսի 11-ին Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/133-2026 արձանագրությամբ ներառնվել են նաև ընդհանուր ոլորտային 6 ռազմավարություններից երկուսում։

 Օրենքում առկա չեն այս փաստաթղթերով ամրագրված լեզվական պետական քաղաքականության իրականացման շրջանակն ապահովող իրավական մեխանիզմներ։ Մասնավորապես, մի շարք հասկացություններ չեն համապատասխանում առաջ եկած նոր մարտահրավերներին, բացակայում են լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակի անտրոհելի մասը կազմող մի շարք հասկացություններ, բացակայում են նաև մի շարք լիազորող նորմեր, որոնք անհրաժեշտ են մեկնարկած «Հայերենի իմացության ստուգման ու գնահատման համակարգ» և լեզվական պետական քաղաքականության իրականացման շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նպատակային ֆինանսավորմամբ Երևանի պետական համալսարանում իրականացվող «Հայերենի լեզվական տեխնոլոգիաներ. հետազոտական աշխատարան» ծրագրերի շրջանակում ստեղծված արդյունքների լայնորեն ներդրման համար։ Այս համատեքստում օրենքում թերի են նաև Լեզվի կոմիտեին վերապահված գործառույթները։ Բացի այդ, օրենքում քանի որ 3-րդ հոդվածի 3-րդ պարբերություն ամբողջությամբ կրկնում է 1-ին և 2-րդ պարբերությունների բովանդակությունը։

Այս պայմաններում հիմնական խնդիրը առաջ եկած նոր մարտահրավերներին համապատասխան օրենքում առաջացած բացերը լրացնելն է՝ ապահովելու համար իրավական մեխանիզմներ լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակի իրականացման համար։

 ՆախագծԵրի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներըանձինք

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը լեզվի կոմիտե:

Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունումը կնպաստի լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակի իրականացմանը, դրա համար անհրաժեշտ իրավական գործիքակազմի ապահովմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»։

Նախագծով նախատեսվող կարգավորումները բխում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական փաստաթղթերով սահմանված առաջնահերթություններից և ուղղված են իրավական մեխանիզմներ ապահովել դրանց իրականացման համար։

Նախագիծը համահունչ է.

– 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Սփյուռք» բաժնի «Օտարախոսների համար հայերենի իմացության գնահատման համակարգի ստեղծում» «Արևելահայերենի իմացության մակարդակների չափորոշիչների ստեղծում և դրանց ներդրման և միջազգային մակարդակում ճանաչման մեխանիզմների մշակում» և «Արևելահայերենի իմացության մակարդակների չափորոշիչները արևմտահայերենի փոխադրում, ներպետական և միջազգային մակարդակում դրանց ճանաչում» 56.1 և 56.2 կետերի կատարումն ապահովելու նպատակից: 

– «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «Մեր ազգային արժեքները» բաժնի 3-րդ կետից, համաձայն որի` հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը սահմանված են որպես ազգային արժեքներ, որոնց նորովի պահպանմանն ու զարգացմանն է ուղղված լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակը։ Վերջինս համահունչ է նաև նույն փաստաթղթի «Մեր ազգային նպատակները» բաժնի 6-րդ կետին, համաձայն որի` հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանման ու զարգացման մեջ էական տեղ է տրված հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակն էականորեն բարձրացնելուն: Այս համատեքստում առաջարկվող փոփոխությունների մի մասը հայերենի չափելի և միջազգային ստանդարտներին համահունչ գործիքակազմի ներդրման նպատակով են կատարվում։ 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրա­ժեշտության առկայության կամ բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Նախագծի ընդունմանկապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Leave a Comment