
Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն աշխատանային շրջայց է կատարել Որոտնավան, Շամբ և Դարբաս բնակավայրեր։ Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ ենթակառուցվածքների վիճակին, համայնքային հաստատությունների խնդիրներին և ընթացիկ ծրագրերին։
Առաջին կանգառը Որոտնավան բնակավայրում էր, որտեղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մեկնարկել և այժմ ակտիվորեն իրականացվում են Տ-8-50 /Մ-2/–Որոտնավան ավտոճանապարհի կմ 0+000–կմ 1+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի հիմնանորոգմանը զուգահեռ կառուցվում է նաև խմելու ջրագծի նոր ցանց, ինչը կնպաստի բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ու առավել հուսալի և կայուն ջրամատակարարման ապահովմանը։



Հաջորդիվ այցելել է Շամբ բնակավայր, որտեղ ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից իրականացվում են Տ-8-10 /Տ-8-48/ – Շամբի ջրամբարի պատվար /Մարգարիտա/ ավտոճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այստեղ ևս ճանապարհաշինությանը համընթաց արդիականացվում է խմելու ջրագծի ցանցը՝ բնակավայրի ջրամատակարարման ենթակառուցվածքները բարելավելու նպատակով։
Շրջայցն ավարտել է Դարբաս բնակավայրում, որտեղ ծանոթացել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվող կրթօջախի շինարարության ընթացքին։ 150 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցումն արդեն ավարտական փուլում է, և այն իր դռները կբացի նոր ուսումնական տարվա մեկնարկին։