«Մուլտի Ուելնեսի» շուրջ վեճը հասել է դատարան․ Կադաստրի դեմ հայցը վարույթ է ընդունվել

«Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊԸ-ն, որը պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել մարզաառողջարարական համալիրի վերաբերյալ պայմանագրի միակողմանի լուծումը, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, օգոստոսի 17-ին վարույթ է ընդունել ընկերության հայցն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի:

«Մուլտի Ուելնեսը» դատական կարգով վիճարկում է մարզաառողջարարական համալիրի նկատմամբ իր իրավունքների դադարեցումը և գույքը Երևան համայնքի սեփականությանը փոխանցելու որոշումը:

«Մուլտի Ուելնես»-ը պահանջում է անվավեր ճանաչել 2026 թվականի հուլիսի 14-ի երկու պետական գրանցումները՝ Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի նկատմամբ ընկերության իրավունքի դադարեցումը և նույն գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի գրանցումը:

Դատարանը Կադաստրի կոմիտեից պահանջում է որոշումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում ներկայացնել նշված անշարժ գույքի կադաստրային գործի նյութերն ամբողջությամբ: Գործով նախնական դատական նիստը նշանակվել է հաջորդ տարի՝ 2027 թվականի փետրվարի 16-ին։

«Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ այն կառուցվել է օտարման ոչ ենթակա համայնքային հողատարածքի վրա՝ խախտումներով, ինչի պատճառով համապատասխան պայմանագիրը լուծարվում է, և գույքն անցնում է համայնքին:

«Մուլտի Ուելնեսի» տնօրեն Արման Փիրոյանը հայտարարել էր, որ համալիրում գտնվող շարժական գույքը պատկանում է ընկերությանը և քաղաքապետարանից պահանջել էր պարզաբանել դրա օգտագործման իրավական հիմքերը։

Հունիսին 19-ին ԶԼՄ-ները գրել էին, որ քաղաքապետարանը ծանուցում էր ուղարկել «Մուլտի Ուելնես» ընկերությանը՝ կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Այդ ժամանակ Ծառուկյանը դեռ չեր կալանավորվել և ԶԼՄ-ները չէին բացառել, որ «Մուլտի Ուելնեսի» հետ կապված քայլերը կարող են միայն սկիզբը լինել։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ «Մուլտի Ուելնեսը», ի թիվս Ծառուկյանի բազմաթիվ այլ ընկերությունների, կապարակնքվել էր այս խուզարկություններից հետո։ Մարզասրահի աշխատակիցներն այն բացելու ակցիա էին իրականացրել։

Կարդացեք նաև՝ 

Պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատատեղերից․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

Leave a Comment