Նոյեմբերի 1-ից ուսումնական հաստատություններին նոր վարչական պատասխանատվություն է սպառնում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի նոյեմբերի 1-ից ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների համար կսահմանվի նոր վարչական պատասխանատվություն՝ օտարերկրացի ուսանողի կրթության (ուսումնառության) դադարեցման կամ համապատասխան պայմանագրի լուծման մասին սահմանված ժամկետում պետական մարմնին չհայտնելու դեպքում։

Նոր կարգավորումն ամրագրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացմամբ։

Ի՞նչ պարտավորություն է սահմանվում

Եթե ուսումնական հաստատությունը կամ կազմակերպությունը օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծում է կամ օտարերկրացու կրթությունը դադարեցվում է, ապա այդ մասին պետք է սահմանված կարգով տեղեկացնի միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։

Տեղեկացումը պետք է կատարվի պայմանագրի լուծման կամ կրթության դադարեցման օրվանից 10 օրվա ընթացքում։

Ի՞նչ կլինի, եթե տեղեկությունը չներկայացվի

Սահմանված 10-օրյա ժամկետում չհայտնելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 75 000 դրամ լինելու դեպքում դա կազմում է 3 750 000 դրամ։

Կրկնակի խախտման դեպքում

Եթե նույն արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման բողոքարկման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարվի, տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, այսինքն՝ 7 500 000 դրամ։

Այսպիսով, նոր կարգավորմամբ ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների համար սահմանվում է ոչ միայն օտարերկրյա ուսանողների կրթության դադարեցման մասին ժամանակին տեղեկացնելու պարտավորություն, այլև այդ պահանջը չկատարելու համար էական վարչական պատասխանատվություն։

Օրենքն ընդունվել է 2026 թվականի հունվարի 20-ին և ուժի մեջ է մտնելու 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Ծանուցում 2. սույն նյութի պատկերը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ։

Leave a Comment