Մինչև 150 մլն դրամ տուգանք՝ դեղերի ոչնչացման կանոնները խախտելու դեպքում

Բժշկական հաստատությունների դեղատների գործունեության և դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ սահմանվում են նոր վարչական պատասխանատվության միջոցներ։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որ 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածը լրացվել է նոր դրույթներով։

Դեղատների գործունեության կարգը խախտելու դեպքում՝ 300-ապատիկ տուգանք

Բժշկական հաստատության դեղատների գործունեության իրականացման կարգը խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։

Եթե նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է 75,000 դրամի չափով, ապա տուգանքը կկազմի 22.5 մլն դրամ։

Դեղերի ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չտրամադրելու դեպքում՝ մինչև 150 մլն դրամ

Առավել խիստ պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը ոչնչացնում է պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ձեռք բերված կամ ներմուծված, անորակ կամ այլ կերպ օրենքով նախատեսված կարգավիճակ ունեցող դեղեր կամ դեղանյութեր, չի կատարում օրենքով սահմանված պահանջները։

Մասնավորապես, պատասխանատվություն է նախատեսվում, եթե սահմանված ժամկետում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝

  • չի տրամադրվում դեղերի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունը,
  • տեղեկությունը տրամադրվում է սահմանված ժամկետի խախտմամբ,
  • չի իրականացվում ոչնչացման գործընթացի տեսաձայնագրում,
  • խախտվում են տեսաձայնագրման կարգը կամ պահանջները։

Տուգանքի չափը կախված կլինի ոչնչացման ենթակա դեղերի փաթեթների քանակից։

Մինչև 5 փաթեթի դեպքում տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը։

5-ից ավելի փաթեթի դեպքում տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը։

75,000 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկով դրանք համապատասխանաբար կազմում են 75 մլն և 150 մլն դրամ։

Կրկնակի խախտման դեպքում՝ կրկնապատիկ տուգանք

Եթե նույն արարքը կրկին կատարվի վարչական տույժի միջոց կիրառելուց հետո, նախատեսվում է նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով տուգանք։

Այսինքն՝ եթե, օրինակ, խախտման համար առաջին անգամ նշանակվել է 75 մլն դրամ տուգանք, կրկնակի խախտման դեպքում այն կարող է հասնել 150 մլն դրամի։

Եթե առաջին դեպքում կիրառվել է 150 մլն դրամ տուգանք, կրկնակի խախտման դեպքում նախատեսված տուգանքը կարող է կազմել 300 մլն դրամ։

Ե՞րբ են փոփոխություններն ուժի մեջ մտնելու

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո։

Այսպիսով, նոր կարգավորումներով դեղերի ոչնչացման գործընթացում նախատեսված պարտականությունների, այդ թվում՝ վերահսկողության մարմնին տեղեկությունների տրամադրման և տեսաձայնագրման պահանջների խախտումը կարող է առաջացնել զգալի վարչական պատասխանատվություն։

Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Ծանուցում 2. սույն նյութի պատկերը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ։

Leave a Comment