Արտահերթ ընտրություններից առաջ Գյումրին զրկում են խոշոր խաղացողներից․ համոզված են Մարտուն Գրիգորյանի թիմում

Օգոստոսի 13-ին Գյումրիում, վաղ առավոտյան, ձերբակալվեց 2026թ.-ի ԱԺ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, Գյումրու «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը: Հակակոռուպցիոն կոմիտեում երեք ամիս առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում (Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով՝ այն է, ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտում) ձերբակալված քաղաքական գործիչն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Օգոստոսի 14-ին դատարանը ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ կիրառեց կալանք՝ երկու ամիս ժամկետով:

Ինչո՞ւ է հենց հիմա կալանավորվում և ազատությունից զրկվում Մարտուն Գրիգորյանը և ոչ թե 3 ամիս առաջ, երբ մայիսի 22-ին իրավապահները խուզարկություն էին իրականացնում ԲՀԿ Գյումրու գրասենյակում: «Համոզված ենք, որ Գյումրու ավագանու ենթադրյալ արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնում են խոշոր խաղացողներին»,-ասում է «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեկ տարի է տարբեր ամբիոններից խոսում են Գյումրու ձախողված կառավարումից և ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը համարում խնդրի թերևս իրենց համար միակ ընդունելի լուծումը: Այս մասին, համապետական ընտրությունների ընթացքում և ավարտից հետո հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վերջերս՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, անդրադառնալով Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերին, հետևյալ միտքն է արտահայտել. «Գյումրիում խնդիրը լուծման կարիք ունի, և դա միանշանակ է: Այս վիճակով պահել և շարունակել էն, ինչ ունենք Գյումրիում, անթույլատրելի է, որովհետև դրա շահառուները հենց գյումրեցիներն են: Միայն կարող եմ ասել, որ էն, ինչ տեղի է ունենալու, ՀՀ օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմաններում է լինելու»:

«Նախ եկեք հասկանանք, թե իշխող ուժն ինչ է հասկանում ասելով օրենքի սահմաններում: Եթե խոսենք օրենքից, ապա Գյումրիում հենց օրենքի սահմաններում մեկ տարի առաջ ձևավորվել է իշխանություն, ավագանին բնականոն գործում է, նիստերն անցկացնում ենք: Այո՛, անցած տարվա հոկտեմբերի 20-ից քաղաքը չունի քաղաքապետ, սակայն կա փոխարինող՝ առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը: Ավագանու չորս խմբակցության միացյալ ձայներն էլ հերիքում է, որ անգամ ՔՊ-ի նիստերին չմասնակցելու դեպքում քվորում ապահովենք ու ավագանու բնականոն աշխատանքը չտապալենք: Ուրեմն ի՞նչ պետք է տեղի ունենա օրենքի սահմաններում, որ Գյումրին գնա արտահերթ ընտրությունների»,- հարցնում է Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը:

Վերջինս հիշեցնում է, որ ավագանու նիստի վիժեցման փորձ այս ընթացքում եղել է երբ հունիսի 25-ին խուզարկություն էին սկսել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում: «Ամեն ինչ արվեց, որ Սիմոնյան Կարենը չկարողանա նիստին գալ, մենք նաև բացակա անդամ ունեինք այդ ժամանակ, ՔՊ-ն էլ նեղացած դիրք էր ընդունել, թե մեր առաջարկները չեն ընդունում, դրա համար չենք գալիս, էդպես քվորում չեղավ՝ նիստը տապալվեց: Հուլիսին կարողացանք արտահերթ նիստ գումարել, թեկուզ առանց ՔՊ խմբակցության ու սպառել օրակարգային բոլոր հարցերը,-ասում է Լիզա Գասպարյանը,- կարծում ենք, որ ինչ–որ ձևով իշխանությունները հասնելու են իրենց ուզածին, այսինքն Գյումրիում արտահերթ ընտրություններ կազմակերպելու ֆոնին քաղաքում հայտնի, կշիռ ունեցող քաղաքական դեմքեր իրենց պետք չեն: Սրանով ենք պայմանավորում պարոն Գրիգորյանի կալանավորումը»:

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում: Նրա շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Բաբայանի համոզմամբ, Մարտուն Գրիգորյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը իրավական խաբկանք է: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի):  Ըստ Արսեն Բաբայանի, իր պաշտպանյալի նկատմամբ փաստացի իրականացվել են քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները՝ գաղտնալսում, խուզարկություն, սակայն արհեստականորեն հապաղել են պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի (օգոստոսի 2) ավարտին:

«Մեր քաղաքը» խմբակցության քարտուղար Կարեն Գրիգորյանն ասում է, որ ընկճված չէ, թեև հայրը՝ Մարտուն Գրիգորյանը, կալանքի տակ է, իսկ եղբայրը՝ Կամո Գրիգորյանը՝ տնային կալանքի (օգոստոսի 17-ին դատարանը վերջինիս խափանման միջոց բանտային կալանքը փոխարինել է տնային կալանքով):  Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

«Կարող եմ վստահեցնել, որ թե՛ ընտանիքում, թե՛ թիմում ամեն ինչ նորմալ է, համերաշխ ու համախմբված ենք,- նկատում է Կարեն Գրիգորյանը,- սեպտեմբերից նույն տեմպով մեր խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքը, վստահ եմ, որ էն, ինչ արել ենք թիմով, տեսանելի է եղել գյումրեցիներին, դրական գնահատականն էլ չի ուշացել»:  

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում Մարտուն Գրիգորյանը շեշտել է, որ ընտրությունների պատճառով չպետք է թիրախավորել ընտանիքներին ու մարդկանց դժվարությունների առաջ կանգնեցնել: Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացները ժամանակավոր են, և պայքարը պետք է ընթանա բացառապես քաղաքական դաշտում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment