Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 9/2 հողամաս հասցեում գտնվող՝ 0,05 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2008թ. հունիսի 12-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,05 հա մակերեսով, 938 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Այսպիսով, մինչ այսօր դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան քաղաքի տիրապետմանն են վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝

  1. 0,05 հա մակերեսով հողամասը,
  2. 0,0451 հա մակերեսով հողամասը,
  3. 0,08 հա մակերեսով հողամասը,
  4. 0,02 հա մակերեսով հողամասը,
  5. 0,0402 հա մակերեսով հողամասը,
  6. 0,13 հա մակերեսով հողամասը»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment