«Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա-Գյումրի երթուղով DP 855 չվերթի մեկնումը ուշացել է ավելի քան չորս ժամով, վկայում են «Վնուկովո» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
Ըստ չվացուցակի՝ Boeing 737-800 ինքնաթիռը «Վնուկովոյից» պետք է մեկներ ժամը 07:00-ին, սակայն մեկնման ժամանակը տեղափոխվել է 11:20: Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան ժամանումն այժմ սպասվում է տեղական ժամանակով 15:45-ին՝ նախանշված 11:25-ի փոխարեն։
Ինչպես հստակեցրել են օդանավակայանում, չվացուցակի փոփոխությունների պատճառ են դարձել օդանավերի ընդունման և թռիչքի ժամանակավոր սահմանափակումները, որոնք «Վնուկովոյում» մտցվել էին օգոստոսի 18-ի վաղ առավոտյան՝ անվտանգության ապահովման նպատակով։
Մի քանի ժամվա ընթացքում օդանավակայանը չի ընդունել և չի ճանապարհել ինքնաթիռներ, իսկ չվերթների մի մասն ուղղորդվել է պահեստային աէրոդրոմներ։
Armenia Today-ի տեղեկություններով՝ «Վնուկովոյում» վաղ առավոտյան անվտանգության նպատակով ինքնաթիռների ընդունման և թռիչքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են ժամը 08:49-ին, որից հետո օդանավակայանը սկսել է փուլ առ փուլ սպասարկել ուշացած չվերթները։
