12-րդ դասարանի 2-րդ կիսամյակը նոր ձևաչափով կլինի

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները։ Դրանց մասնակցում են հանրակրթական դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական համակարգողները, նախադպրոցական և…

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները։ Դրանց մասնակցում են հանրակրթական դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական համակարգողները, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները։

Խորհրդակցությունները վարում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Առաջին հանդիպումն անցկացվել է Երևանում։

Սվաջյանը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա արդյունքները և նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը։


Փոփոխություններ են նախատեսվում նաև նախագծային ուսուցման ոլորտում։

Հիմնական դպրոցում յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում պետք է իրականացնի առնվազն մեկ նախագծային աշխատանք։ Ավագ դպրոցում ևս նախատեսվում է առնվազն մեկ նախագիծ՝ նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկաներից։

«Չպետք է մոռանանք, որ նախագծային ուսուցումը միջոցառման պլանավորում չէ»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով՝ կարևորն այն է, թե նախագծի արդյունքում աշակերտը ինչ գիտելիքներ և հմտություններ է ձեռք բերում։

5-րդ և 10-րդ դասարաններում նոր առարկաներ կլինեն

Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների արդյունքում «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում կդառնա առանձին առարկա։

Նույն դասարաններում կդասավանդվի նաև «Անվտանգ կենսագործունեություն» առարկան։ Այն հիմնականում գործնական ուղղվածություն կունենա։ Աշակերտները կսովորեն, թե ինչպես ճիշտ գործել արտակարգ իրավիճակներում և ինչ հմտություններ են անհրաժեշտ նման իրավիճակներում գոյատևելու համար։

11-րդ դասարանում «Անվտանգ կենսագործունեություն» առարկան նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարի ձևաչափով։

12-րդ դասարանցիների համար երկրորդ կիսամյակը կփոխվի

Քննարկված կարևոր հարցերից մեկը 12-րդ դասարանցիների հաճախումներն են։ Խնդիրը հատկապես նկատելի է հունվարին՝ ընդունելության քննություններից հետո։

Նախատեսվում է երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանցիների համար կազմակերպել ավելի շատ նախագծային աշխատանքներ, խմբակներ և կամավորական աշխատանքներ։ Դրանց մասնակցության համար աշակերտները կարող են ստանալ կրեդիտներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտներին պատշաճ պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։

Leave a Comment