ԶԼՄ-ները հայտնել են ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հեռացման պատճառները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձում է պատասխանատուներ գտնել բանակում արձանագրվող միջադեպերի, ինքնասպանությունների և կառավարման խնդիրների ֆոնին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը այս գործընթացի հետ է կապում ՊՆ-ում վերջին կադրային փոփոխությունները։ Օգոստոսի 17-ին համակարգից հեռացվել էին նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։

Օգոստոսի 17-ին պաշտոնից հեռացվել է նաև Ռազմական ոստիկանության պետը, որին փոխարինել է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով համակարգից հեռացված վերոնշյալ պաշտոնյաներն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմներն են։

Թերթը հիշեցրել է, որ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետն է, Պետրոսյանը՝ Ապարանի նախկին քաղաքապետը և Արագածոտնի նախկին մարզպետը, որն, ըստ թերթի, ռազմական կրթություն չունի։

Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր, որ զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով։ Նրա մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։

Ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահ էր գրանցվել նաև հունիսի 2-ին, երբ հայտնաբերվել էր Արամայիս Գևորգյանի մարմինը։ Հուլիսի 21-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։ Ավելի ուշ երկու զինծառայող կալանավորվել էր՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Ավելի վաղ անդրադառնալով բանակում ոչ մարտական կորուստներին, Փաշինյանը հայտարարել էր, որ Զինված ուժերում նման երևույթների շուրջ 70 տոկոսի պատճառները բանակից դուրս են։ Միաժամանակ նա ընդունել էր սպայական կազմի պատասխանատվությունը և ընդգծել յուրաքանչյուր դեպքի հանգամանքներն առանձին ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

Leave a Comment