ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցչի՝ Սփյուռքի դերի և ազդեցության վերաբերյալ հայտարարություններին։ «Սփյուռքն ունի…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցչի՝ Սփյուռքի դերի և ազդեցության վերաբերյալ հայտարարություններին։
«Սփյուռքն ունի բազմաթիվ կենտրոններ։ Սփյուռքի կառույցները ցանցային կառույցներ են։ Սփյուռքի ազդեցիկ կառույցներ կան աշխարհի ավելի քան 20 երկրներում։ Ի՞նչն է խնդիրը։ Ցանցային կառույց ունենալու դեպքում քաշային կատեգորիան նվազո՞ւմ է ու ազդեցությունը՝ թուլանո՞ւմ։ Հակառակը՝ ուժեղանում է և բազմապատկվում»,- նշել է պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ իշխանության խնդիրը ոչ թե Սփյուռքի ապակենտրոնացված լինելն է, այլ այն, որ Սփյուռքում կան ազդեցիկ կառույցներ և անհատներ, որոնք շարունակում են առաջ մղել հայկական օրակարգը։
Վարդանյանը, մասնավորապես, նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի անվտանգության, գերիների վերադարձի և Հայաստանի տարածքային ամբողջականության հարցերը։
Պատգամավորի պնդմամբ՝ Սփյուռքի որոշ կառույցներ և անհատներ կարողանում են այդ հարցերը բարձրացնել տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումներում և նպաստել համապատասխան բանաձևերի ընդունմանը։
«Եթե իրենք ենթարկվել են Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներին, իրենց տրամաբանությամբ՝ հայկական աշխարհում չպետք է մնա կառույց ու անհատ, որը չի ենթարկվել այդ պահանջներին։ Դրա համար էլ Ադրբեջանին ու Թուրքիային զուգահեռ հիմա իշխող ուժը փաստացի թշնամի է հռչակել Հայ դատի ցանցին, թշնամի է հռչակել ազդեցիկ հայերին»,- հայտարարել է Վարդանյանը։
Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու Հայաստանը չպետք է օգտագործի Սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների կապերն ու հնարավորությունները՝ պետական շահերն առաջ մղելու նպատակով՝ որպես օրինակ հիշատակելով Իսրայելի փորձը։
Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանն անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ կարող է ունենալ, եթե համագործակցի ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իրանում, Ավստրալիայում և եվրոպական երկրներում բնակվող կազմակերպված հայկական համայնքների հետ։