Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրն ստորագրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հանդիպման ժամանակ։
Հուշագիրն ստորագրել են ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արամ Ջիվանյանն ու Սինգհը։
Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային և նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների և ինկուբատորների զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների կարողությունների և փորձի փոխանակման ծրագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ կարևորելով գիտական հետազոտությունների, զարգացման և նորարարության ուղղությունները։
