Աննա Հակոբյանն առաջարկել է ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք ընդունել

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, առաջարկել է ընդունել ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնող օրենք։

Հակոբյանի խոսքով՝ «բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայկական ընտանիքի արմատացած մոդելը, բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ, համերաշխ ու երջանիկ ընտանիքի մոդելով փոխարինելու» առաջին անհրաժեշտ քայլը ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։

«Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է ամրագրել մեկ առանձին հոդված, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի ընտանիքի ներսում բռնության բոլոր դրսևորումների համար կամ քրեական օրենսգրքի տարբեր գլուխներում շարադրել առանձին հոդվածներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն ընտանիքի ներսում բռնության կոնկրետ դրսևորումների համար՝ ծեծ, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, մարմնական վնասվածքներ, սեռական բռնություն և այլն», – ասել է Հակոբյանը։

Նա նշել է ընտանեկան բռնության դեմ պայքարի հստակ իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։ Հակոբյանը հայտնել է, որ այդ նպատակով ինքը քննարկումներ է սկսել Հայաստանից և սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, որոշում կայացնողների և խորհրդարանի կին պատգամավորների հետ, որոնք նախկինում անդրադարձել էին այս հարցերին։

Նրա խոսքով՝ առաջին փուլը ներառում է օրենսդրական կարգավորումների մշակում, որոնք կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը: Հակոբյանը հրավիրել է Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներին միանալ այս ջանքերին՝ խորհրդարանում օրինագծի միաձայն ընդունումն ապահովելու համար:

Օրինագծի ընդունումից հետո նախատեսվում է լայն հանրային իրազեկման արշավ, իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում և օրենքի արդյունավետ կիրառում, ինչպես նաև հեղինակավոր փորձագետների խմբի կողմից «համազգային ուսումնասիրության» պատրաստում Հայաստանում կանանց նկատմամբ բռնության մասին տվյալներ հավաքագրելու նպատակով:

Հուլիսի 28-ին Հակոբյանը հայտնել էր, որ ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ: Դրանից հետո Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանության վերաբերյալ:

Leave a Comment