ԱԺ ընդդիմությունը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հետընտրական գործընթացներն ու դատաիրավական համակարգի խնդիրները, տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Հանդիպումները տեղի են ունեցել առանձին՝ օգոստոսի 17-ին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի քաղաքական մթնոլորտը և խոսել խորհրդարանական աշխատանքների մասին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Նշվում է, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ու դեսպանի հանդիպման առանցքում էին առկա մարտահրավերներն ու դատաիրավական համակարգի խնդիրները։ Կողմերն ընդգծել են նաև կրթական համակարգի զարգացման անհրաժեշտությունը և կարևորել Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացումը։

Քոուլը «Ուժեղ Հայաստանի» անդմաների հետ հանդիպմանը շնորհավորել է Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալ, իսկ Կարապետյանին խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

Նույն օրը ՄԹ դեսպանին է ընդունել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նա իր դիտարկումներն է ներկայացրել հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, խոսել ներքաղաքական իրադարձություններից և անդրադարձել նորընտիր խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։

Գրիգորյանն ու Քոուլը մտքեր են փոխանակել նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Leave a Comment