Գործ N 221. Ինչպես ԱԱԾ-ի հանգստյան տունը վաճառվեց, գրավ դրվեց և բանկից դուրս բերվեց 11 մլն եվրո

«Եկել եմ նախարարություն, նախարարն ա ինձ ասել՝ շնորհավոր, ասում եմ՝ ի՞նչ ա եղել։ Ասում ա՝ պանսիոնատ են որոշել տալ քեզ»,- Ազգային անվտանգության ծառայության (այն ժամանակ՝ նախարարություն)՝ Սևանի ափին գտնվող հանգստյան տան գնորդն այսպես է ներկայացնում պետական գույքի սեփականատեր դառնալու պատմությունը։

Ազգային անվտանգության ծառայողների հանգստյան տունը վաճառելու մասին լուրը 2002 թ.-ին արագ տարածվեց համակարգում։ Ավելի քան երկու տասնամյակ առաջ Ազգային անվտանգության ծառայողները զրկվեցին իրենց հանգստյան տնից։ Խորհրդային միության փլուզումից հետո պետական կառույցների հանգստյան տները սեփականաշնորհվեցին։ Մասնավորեցումը չշրջանցեց նաև Սևանի ափին գտնվող այս հանգստյան տունը։

Ծովագյուղ-Ճամբարակ մայրուղու սկզբնամասում գտնվող հանգստյան տունը կառուցվել է 1970 թ․-ին։ Այն բաղկացած է վարչական եւ ննջարանային մասնաշենքից և ճաշարանից։ Շենքի մակերեսը 3890 քառակուսի մետր է։ Հանգստյան տունն ունի 514 քմ մակերեսով նկուղ և էլեկտրական ենթակայան։ Ըստ շենքի կառուցվածքի մասին փաստաթղթերի` 4-հարկանի հյուրանոցային մասնաշենքի յուրաքանչյուր հարկում 26 համար է եղել, որոնց մի մասը՝ պատշգամբներով։ Ներկայում հանգստյան տան զբաղեցրած հողամասի մակերեսը 5.4 հեկտար է։ Շինություններն ու Սևանա լիճը բաժանված են ծառապատ տարածքով։ Լճի ափից մոտ 500 մետր բաժին է հասնում այս համալիրին։

Տասնյակ տարիներ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այստեղ են հանգստացել։ Սակայն այդ հնարավորությունից նրանք զրկվեցին ԱԱԾ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ։

Որքան էլ տարօրինակ հնչի, պետությանը պատկանած այս գույքի սեփականության վերաբերյալ փաստաթղթերի պատմությունը սկսվում է 2000 թ․-ից, այնինչ համալիրը կառուցվել է 1970 թ.-ին։ Այդ ժամանակ Սևանա լճի ափին գտնվող 6.8 հեկտար հողամասը Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ հատկացվել է Առողջապահության նախարարությանը, ավելի կոնկրետ՝ «Ծովափնյա Արեգունի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը։

Այս որոշմամբ սկիզբ է դրվել պետական գույքը չնչին գնով վաճառելու ծրագրին։ Այն օտարվել է գնահատված արժեքից երեք անգամ ցածր գնով։ Հողահատկացումից մեկ ամիս անց` 2000 թ․-ի հոկտեմբերին, Կառավարության որոշմամբ հանգստյան տունը հանվել է Առողջապահության նախարարության հաշվեկշռից։ Նույն որոշմամբ այն ամրացվել է Ազգային անվտանգության նախարարությանը։ 

Այդ ժամանակ վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր, իսկ Ազգային անվտանգության նախարարությունը շուրջ 1 տարի ղեկավարում էր Կառլոս Պետրոսյանը։ Պետրոսյանն այդ կառույցի հնաբնակներից չէր, նա համակարգ էր տեղափոխվել Ներքին գործերի նախարարությունից։ Ազգային անվտանգության նախարարության մի քանի վարչություն ղեկավարելուց հետո՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից օրեր անց, նշանակվել էր Ազգային անվտանգության նախարար։ 

Հանգստյան տունը մինչև 2000 թ․-ը պատկանել է Առողջապահության նախարարությանը, բայց այնտեղ հանգստացել են Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները։ Խորհրդային Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի՝ КГБ-ի գույքը, սովորաբար, գրանցվում էր պետական այլ կառույցների անուններով։ Հավանաբար, այս դեպքում էլ գույքն օգտագործում էր ԱԱԾ-ն, բայց այն Առողջապահության նախարարության հաշվեկշռում էր։

Պետական գույքը մի կառույցից մյուսին փոխանցելու նպատակով 2000 թ․-ի հոկտեմբերին հանձնաժողով է ստեղծվել։ Կազմում երկու նախարարության ներկայացուցիչներ էին, իսկ հանձնման-ընդունման ակտը ստորագրել են Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը և Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը։

Համաձայն հանձնման-ընդունման ակտի՝ հանգստյան տունը զբաղեցրել է 2.8 հա հողամաս, շենքի ընդհանուր մակերեսը 3609 քմ է։ Առողջարանի շենք-շինությունների հաշվեկշռային արժեքը գնահատվել է 58 միլիոն 680 հազար դրամ, սարքավորումներինը՝ 8 միլիոն 692 հազար դրամ։ Համալիրի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 67 միլիոն 919 հազար 660 դրամ։

Առողջարանային համալիրը Ազգային անվտանգության նախարարության հաշվեկշռում մնացել է ընդամենը 2 տարի։ 2002 թ․-ի հուլիսին Կառավարությունը որոշել է պետական գույքը մասնավորեցնել։ Պետական գույքի կառավարման նախարարությանը թույլ է տրվել Ազգային անվտանգության նախարարության տնօրինության տակ գտնվող հանգստյան տան գույքն ուղղակի վաճառքով օտարել հավանական գնորդին։ Հավանական գնորդը Սևանում հաշվառված Գագիկ Մարտիրոսյանն էր։ Այդ որոշմամբ գույքի վաճառքի գինը սահմանվել է ընդամենը 15 միլիոն դրամ։ Նույն թվականի օգոստոսին Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը և գնորդ Գագիկ Մարտիրոսյանը կնքել են հանգստյան տան վաճառքի պայմանագիրը։ Երկու տարի առաջ կազմված հանձնման-ընդունման ակտում սահմանված արժեքի համեմատ հանգստյան տան գինն ավելացել էր ավելի քան 1 միլիոն դրամով։

Կենտրոնական բանկի 2002 թ.-ի հուլիսի 25-ի փոխարժեքով հանգստյան տունը վաճառվել է 26 հազար 739 ԱՄՆ դոլարով։ Մինչդեռ հանձնման-ընդունման ակտում գույքի հաշվեկշռային արժեքը կազմել է 123 հազար 552 ԱՄՆ դոլար։

Կադաստրի կոմիտեն ամեն տարի անշարժ գույքի շուկայի վերլուծություն է կատարում։ Կոմիտեի կայքում 2002 թվականից հրապարակվող տվյալները Հայաստանի անշարժ գույքի շուկայի մասին որոշակի պատկերացում են տալիս։

Համաձայն պաշտոնական տվյալների վերլուծության՝ Սևան քաղաքում 2002 թ․-ին սեփական տների մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է միջինում 33 ԱՄՆ դոլար։ Իսկ բազմաբնակարան շենքերում բնակելի մակերեսների 1 քառակուսի մետրի արժեքը կազմել է 29.4 ԱՄՆ դոլար։ 

Այս պարագայում 3609 քմ մակերեսով բնակելի շինության արժեքը կկազմեր մոտ 120 հազար ԱՄՆ դոլար, որը գրեթե համարժեք է հանգստյան տան հաշվեկշռային արժեքին։ 

Կադաստրի կոմիտեն այդ ժամանակ հասարակական տարածքների գների վերաբերյալ առանձին վերլուծություն չի իրականացրել։ Անշարժ գույքի մասնագետների խոսքով՝ հանգստյան գոտիները և նմանատիպ այլ հասարակական տարածքներն ավելի բարձր արժեք են ունենում, քան պարզապես բնակարանները։  

Ոչ Կառավարության որոշման մեջ և ոչ էլ առքուվաճառքի պայմանագրում որևէ բացատրություն չկա, թե ինչու է 120 հազար դոլարը գերազանցող գույքը վաճառվել ընդամենը  26 հազար 739 ԱՄՆ դոլարով։ Ավելին, նույն այդ փաստաթղթերում որևէ կերպ չի հիմնավորվում, թե ինչու է գույքը վաճառվել ուղիղ՝ առանց մրցույթի։

Կառլոս Պետրոսյանը և սեփականատերերը

Համալիրը գնած Գագիկ Մարտիրոսյանը «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենն է։ Գործարքի ժամանակ և դրանից հետո նա ղեկավարել է Ազգային պարկը։ Մեր տեղեկություններով, Կառլոս Պետրոսյանի միջնորդությամբ է Մարտիրոսյանը նշանակվել «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն։

Գագիկ Մարտիրոսյանը «Հետքին» պատմեց, որ Սևանի ափին գտնվող հանգստյան տունն իր անունով ձևական է գրանցվել, և գույքի իրական սեփականատերն ինքը չի եղել։ Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԱԾ-ի նախկին հանգստյան տունն իրեն վաճառելու՝ Կառավարության որոշումից հետո է միայն իմացել, որ պետական գույք է գնել։ Մեր այն հարցին, թե գույքը գնելու մասին արդյոք իր հետ խոսել է այդ ժամանակվա Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը, նա պատասխանեց․ «Չէ, ցավդ տանեմ, ես ասում եմ՝ եկել եմ Բնապահպանության նախարարություն, նախարարն (Վարդան Այվազյանը-խմբ.) ինձ ասել է՝ շնորհավոր։ Ասում եմ՝ ի՞նչ ա եղել։ Ասում ա՝ պանսիոնատ են որոշել տալ քեզ»։ 

«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը թեև հայտարարեց, որ Կառլոս Պետրոսյանի հետ չի խոսել գույքն իր անունով գրանցելու հարցի շուրջ, սակայն տեղեկացրեց, որ հանգստյան տունն իրեն վաճառելուց հետո գույքը փոխանցել է Կառլոս Պետրոսյանի ազգականին և մեկ այլ անձի։ 

Գ. Մարտիրոսյանի պնդմամբ՝ հանգստյան տան ձեռք բերման համար 15 միլիոն դրամն ինքը չի վճարել, նույն կերպ էլ չի ստացել գույքը Պետրոսյանի ազգականին վաճառելիս պայմանագրով սահմանված 40 միլիոն դրամը։

Ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանից գործարքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր տեղեկություններով՝ նա Հայաստանում չէ։

Հանգստյան տան նյութերը՝ ԱԱԾ-ում

ԱԱԾ նախկին մի աշխատակից մեզ պատմեց, որ Սևանի ափին այս հանգստյան տան սեփականաշնորհման հանգամանքները տարիներ առաջ ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայությունում։ Ինչ ընթացք է ունեցել այս ուսումնասիրությունը, արդյոք այն դարձել է քրեական վարույթի նյութ։ Այս հարցերն ուղղեցինք Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։

«Ազգային անվտանգության մարմինների գործունեության և արդյունքների մասին տեղեկությունները ծառայությունում դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և չեն կարող տրամադրվել»,– ի պատասխան՝ նշել է Ազգային անվտանգության ծառայության  աշխատակազմի ղեկավարը և հիշեցրել, որ պետական գույքի օտարումն իրականացնելու լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2021 թ․-ին, հավանաբար նկատի ունենալով Սևանի ափին գտնվող հենց այս հանգստյան տան սեփականաշնորհման պատմությունը, հայտարարել է․ «Կառլոս Պետրոսյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մի մարդ, ով վատ բարքեր է բերել համակարգ, ով իր պաշտոնավարման ընթացքում վաճառել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար նախատեսված, Սևանում հանգստյան գոտին, հյուրանոցը սեփականաշնորհել է։ Իմ ավագ գործընկերները հիշում են»։  

Ինչպես տեսնում եք, ԱԱԾ-ում ծառայած մարդիկ քաջատեղյակ են հանգստյան տան սեփականաշնորհման պատմությունից։ Ինչո՞ւ կասկածելի գործարքը չի դարձել քննության առարկա, ինչո՞ւ պետությանը պատճառված վնասը չի վերականգնվել։ Արդյոք իրավապահներն այդտեղ հանցանք չե՞ն տեսել, թե՞ չեն ցանկացել տեսնել։

Իրավապահները և փաստաթղթերը

Սևանի ափին գտնվող այս հանգստյան տան սեփականաշնորհման փաստաթղթերը մեկ անգամ էլ են հայտնվել իրավապահների ձեռքում՝ 2012 թվականին։ 2011-2012 թվականներին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի աթոռին են հայտնվել Սևան ազգային պարկի այդ ժամանակվա տնօրեն Գագիկ Մարտիրոսյանն (ԱԱԾ-ի հանգստյան տունն առաջինը ձեռք բերողը) ու այլ պաշտոնատար անձինք։ Հենց այդ քրեական գործի շրջանակում իրավապահներն առգրավել են նաև ԱԱԾ-ին պատկանած՝ Սևանի ափին գտնվող հանգստյան տան սեփականաշնորհման փաստաթղթերի ողջ փաթեթը։  Ուշագրավ է, որ Սևանի ափի հողերի վարձակալության մրցույթներում չարաշահումներ թույլ տալու մասին քրեական գործի շրջանակում քննության առարկա չեն դարձել պետական գույքի սեփականաշնորհման հանգամանքները։

Քրեական գործի նյութերին ծանոթացել ենք Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արխիվում: Չնայած հանգստյան տան մասնավորեցման ամբողջ փաթեթի առգրավմանը՝ քրեական գործի շրջանակում որևէ քննություն չի իրականացվել ո՛չ գույքի ձեռքբերման, ո՛չ էլ գործարքի օրինականության վերաբերյալ։ Պետական սեփականություն հանդիսացող գույքի շուրջ ծագած հիմնական հարցերը մնացել են անպատասխան, իսկ քննության առարկա է դարձել միայն 3 միլիոն 910 հազար դրամի գույքային վեճը։ 

Գլխավոր դատախազությունից ևս հաստատում են, որ օտարված հանգստյան տանը վերաբերող այլ քրեական վարույթ նախաձեռնված չի եղել:

2013թ. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ 4 տարի ժամկետով ազատազրկում: Սակայն նա համաներումով ազատվել է պաշտոնական կեղծիքի համար դատարանի սահմանած 6 ամիս ժամկետով ազատազրկումից, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նշանակված 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը կրճատվել է մեկ երրորդով: Դատախազության հայցը բավարարվել է՝ Գ. Մարտիրոսյանից բռնագանձելով 3 մլն 910 հազ. դրամը: 

2013 թվականին դատարանը Գագիկ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման: Սակայն համաներմամբ պատժի կրման մի մասից նա ազատվել է։ Իսկ պետությանը պատճառած 3 միլիոն 910 հազար դրամը դատարանի վճռով վերականգնել է։

Գագիկ Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հանգստյան տան սեփականատեր դառնալուց 9 տարի անց այն վաճառել է։ Գնորդներ Կարեն Հարությունյանն ու Ստյոպա Բադալյանը հանգստյան տան համար վճարել են 40 միլիոն դրամ։ Ըստ Գագիկ Մարտիրոսյանի` առքուվաճառքի գործարքները ձեւական են եղել։ Վճարումներից ինքը տեղյակ չէ։

Գույքը հավասար բաժիններով ձեռք են բերել Կարեն Հարությունյանը և Ստյոպա Բադալյանին է փոխանցվել նաև 5.96 հա հողատարածքի վարձակալության իրավունքը, որը նախկինում վարձակալել էին Գագիկ Մարտիրոսյանն ու կինը: Այդ հողատարածքի վրա են գտնվում նշված շինությունները։

2021թ. հունիսի 6-ին գույքի նոր սեփականատերերը «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի հետ կնքել են շենքերի և 5.96 հա հողատարածքի վարձակալության պայմանագիր՝ ամսական 200 հազար դրամ վարձավճարով։ Օրեր անց՝ հունիսի 24-ին, ընկերության ընդհանուր ժողովը որոշել է դադարեցնել վարձակալության պայմանագիրը, ինչի վերաբերյալ կողմերը կնքել են համապատասխան համաձայնագիր։

«Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2011թ. հունիսին՝ Կարեն Հարությունյանի և Անդրանիկ Սարգսյանի կողմից: Սակայն, վարձակալության պայմանագիրը դադարեցնելու որոշման օրը՝ 2021թ. հունիսի 24-ին, Անդրանիկ Սարգսյանը «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Ստյոպա Բադալյանին։ 

Այդ գործարքից երեք օր անց՝ հունիսի 27-ին, «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ն հրավիրել է մասնակիցների ժողով, որին մասնակցել են ընկերության սեփականատերեր Կարեն Հարությունյանն ու Ստյոպա Բադալյանը։ Ժողովի ընթացքում նրանք որոշել են իրենց պատկանող հանգստյան տունը ներդնել «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում։ Գույքի արժեքը «Տիգրիս» ՍՊԸ-ն այդ պահին գնահատել է 699 միլիոն դրամ։

Ստյոպա Բադալյանը նշել է, որ կանոնադրական կապիտալի ավելացումը անհրաժեշտ է ընկերության գործունեությունն ընդլայնելու համար։ Նույն օրը Կարեն Հարությունյանի, Ստյոպա Բադալյանի և «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է անշարժ գույքը որպես ներդրում փոխանցելու պայմանագիր։

Կարեն Հարությունյանը «Ֆուտբոլային ակումբ Վաղարշապատ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է ընկերության հիմնադրման օրվանից՝ 2018թ. սեպտեմբերի 10-ից։ 

Կարեն Հարությունյանը նախկինում եղել է նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենը։

«Ռենեսանս Փրոֆիթ» ընկերության մյուս սեփականատեր Ստյոպա Բադալյանը 2019թ. մայիսից ղեկավարում է «Սարպ Օիլ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է վառելիքի և արտադրական նշանակության քիմիական նյութերի վաճառքով։ Իսկ Ստյոպա Բաղդալյանն ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի ազգականն է։ 

2011թ. օգոստոսի 2-ին կնքված պայմանագրով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ին տրամադրել է 1 մլն 80 հազ. ԱՄՆ դոլարի վարկային գիծ՝ տարեկան 12% տոկոսադրույքով և մինչև 2016թ. օգոստոսի 2-ը մարման ժամկետով: Որպես երաշխիք ընկերությունը գրավադրել է հանգստյան տունը: 

Ընթացքում փոփոխվել է նաև վարձակալության տրամադրված հողատարածքի չափերը, քանի որ Սևանա լճի մակարդակի բարձրացման պատճառով տարածքի մի մասը հայտնվել է ջրի տակ։

2018թ. մայիսի 24-ին «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Հունանյանը, ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներ և «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Սուքիասյանը ստորագրել են արձանագրություն։ Ըստ դրա՝ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող և ընկերությանը վարձակալությամբ տրամադրված 5.96 հա հողատարածքից մոտ 0.47 հա-ն ջրածածկվել է։

2019թ. օգոստոսի 20-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազոր ներկայացուցչի և «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է նոր վարձակալության պայմանագիր։ Պայմանագրով ընկերությանը վարձակալության է տրամադրվել հանգստյան տան տարածքում գտնվող մոտ 5.5 հա մասամբ անտառածածկ հողատարածք։

Վարձակալության ժամկետը որոշվել է 25 տարի՝ մինչև 2044թ. օգոստոսի 20-ը։ Հողատարածքը նախատեսվել է հանգստի գոտի կազմակերպելու համար, իսկ տարեկան վարձավճարը սահմանվել է հողի կադաստրային արժեքի 36.03 տոկոսի չափով՝ 4 միլիոն 394 հազար դրամ։

Բանկից վերցված 11 միլիոն եվրոն և սնանկացած ընկերությունը

2011 թ.-ին իրականացված գործարքից 10 տարի անց գույքը ներդրվել է «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում։ Այդ ժամանակ (2021թ․) իրականացված գնահատմամբ՝ հյուրանոցային համալիրի շուկայական արժեքը կազմել է 699 միլիոն դրամ։

2011 թ․-ից գույքը հանդիսացել է նաև գրավի առարկա։ «Հայբիզնեսբանկը» ընկերությանը նախ տրամադրել է 1 միլիոն 90 հազար ԱՄՆ դոլարի վարկային գիծ։ Տարիներ անց վարկի չափն ավելացել է, վարկի արժույթը՝ փոխվել։ 2020 թ․-ի դրությամբ ընկերությունը բանկի հանդեպ ունեցել է ավելի քան 11 միլիոն եվրոյի պարտավորություն։ 

Միլիոնավոր դրամներ ստանալուց հետո հանգստյան տանը վերանորոգման որոշ աշխատանքներ են տարվել, սակայն այն այդպես էլ չի շահագործվել։

Վարկերը չմարելու համար բանկը դիմել է Սնանկության դատարան, «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել։ Գրավադրված հանգստյան տունը դարձել է բանկի սեփականությունը։

«Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ին հսկայական վարկերը տրամադրվել են այն ժամանակ, երբ «Հայբիզնեսբանկը» պատկանում էր գործարար Վիտալի Գրիգորյանցին։ Փաստացի, բանկից միլիոնավոր եվրոներ են դուրս բերվել, սակայն հանգստյան տունն այդպես էլ չի վերագործարկվել։ Իսկ վարկային միջոցները չեն մարվել, բանկին պատճառվել է հսկայական վնաս։ 

2026 թ․-ին «Ամիօ» (նախկին՝ «Հայբիզնեսբանկ») բանկից հյուրանոցը գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գույքը սեփականության իրավունքով գրանցված է Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի անունով։ Համալիրի գնումը ֆինանսավորել է «Հայէկոնոմբանկը»։ Այսինքն՝ այն ձեռք է բերվել վարկային միջոցներով։ 

Տասնամյակներ շարունակ ԱԱԾ-ն, դատախազությունն ու իրավապահ այլ մարմիններ քաջատեղյակ են եղել Սևանի ափին գտնվող այս համալիրի սեփականաշնորհման մանրամասներին։ Բայց քրեական գործերն ու ուսումնասիրությունները շրջանցել են պետական համակարգում գործող կազմակերպված սխեման ու դրանում ներգրավված անձանց։

Տեսանյութը՝ Ֆրունզ Ավետիսյանի, Սարո Բաղդասարյանի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment