Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը դատարանին խնդրել է մերժել Արթուր Օսիպյանի հայցը, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Օսիպյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմը վիճարկվող հայտարարությունները ներկայացրել է որպես քաղաքական բանավեճ՝ նշելով, որ Օսիպյանը քաղաքական գործիչ է։ Օսիպյանն իր հերթին տեղի ունեցածը որակել է որպես ընտրովի արդարադատություն և քաղաքական հետապնդում։
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:50-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում։
Օսիպյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Քաղաքական գործիչը պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Մայիսի 21-ին Օսիպյանին կալանավորել էին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։ Մայիսի 29-ին արցախցի գործիչը վարչապետից պահանջել էր ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված էին Արցախը լքել։ Հունիսի 18-ին Օսիպյանը դատի էր տվել Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած խոսքերի համար։