«Gyumri Art Week» ժամանակակից արվեստի շաբաթն այս տարի անց է կացվում 5-րդ անգամ՝ «Քաղաքը և ժամանակը» խորագրով։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ՀԳՊԱ) Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանն անդրադարձել են փառատոնին և թե ինչպես է ժամանակակից արվեստը վերաիմաստավորում քաղաքի պատմական անցյալն ու ներկան։
Սարգիս Հովհաննիսյանը նշում է, որ 2025 թվականին Գյումրու 12 մշակութային կազմակերպությունների նախաձեռնությամբ ձևավորվել է խորհուրդ, որը հանձն է առել զարգացնել քաղաքի մշակութային օրակարգն ու ենթակառուցվածքները։ Նրա համոզմամբ՝ նախագիծը հեռահար նպատակներ ունի. «Ապագայում ես ուզում եմ, որ Գյումրու մասին խոսեն ոչ թե որ այնտեղ եղել է ժամանակակից արվեստի փառատոն, այլ որ Գյումրին ժամանակակից արվեստի քաղաք է»։
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղն իր հերթին կարևորել է մշակութային ապակենտրոնացումը՝ դառնալով «Gyumri Art Week»-ի աջակիցն ու մասնակիցը։ «Նմանատիպ նախագծերն են, որ կյանք ու շունչ են հաղորդում քաղաքին, քանի որ ամենօրյա խնդիր կա վերաիմաստավորելու միջավայրն ու նոր բովանդակություն հաղորդելու դրան», – ասում է Վահագն Ղուկասյանը։
Փառատոնն առանձին ցուցադրություններով կշարունակվի Երևանում դրա պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ Գյումրիում։