Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով մեկ անձ է կալանավորվել – armeniatoday.am

Օգոստոսի 13-ին զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան վարույթով մեկ անձ է կալանավորվել նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածով, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանի հայտարարությունից։

Ավդալյանը մանրամասնել է, որ կալանավորվածի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հրամանատարի կողմից ստորադասի նկատմամբ՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ տասը տարի ժամկետով-խմբ․)։

Քրեական հետապնդման բովանդակությունից և ՔԿ-ի հրապարակած հոդվածից կարելի է ենթադրել, որ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող անձը նրա հրամանատարն է։

Զինծառայողի մահվան մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր օգոստոսի 13-ին, նույն օրը ՔԿ-ն տեղեկացրել էր դեպքի առնչությամբ վարույթ հարուցելու մասին։ Դեպքից հետո ԶԼՄ-ները գրել էին, որ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

2026-ի ընթացքում սա ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան 5-րդ դեպքն է։ Հունվարին հայտնաբերվել էին զինծառայող Վահան Պետրոսյանի, փետրվարին՝ Դավիթ Մանուկյանի և  Նարեկ Հակոբյանի դիերը, իսկ հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին։

Leave a Comment