ԱԺ հանձնաժողովների ղեկավարների ընտրության հարցում հնարավոր են տեխնիկական փոփոխություններ, ԱԺ-ում օգոստոսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Եթե նիստերը երկարեն, գուցե խնդիրներ առաջանան։ Պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի ԱԺ-ն արագ ձևավորվի»,-նշել է նա՝ ընգծելով, որ առջևում նախատեսվում է նաև Կառավարության ծրագրի քննարկումը։
Հովհաննիսյանի խոսքով՝ հանձնաժողովներն ամեն դեպքում ձևավորվելու են։
«Եթե անգամ մենք չհասցնենք ընտրել հանձնաժողովների ղեկավարներին, ապա դրանք նիստերը կսկսեն, նիստերում կընտրեն տեղակալներին, որոնք էլ կկատարեն հանձնաժողովների նախագահների պարտականությունները»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է Կառավարության կառուցվածքի և ծրագրի քննարկումներին, ՔՊ պատգամավորը նշել է, որ օրենքով սահմանված է ԱԺ առաջին նիստից հետո 20-րդ օրը քննարկել այդ հարցը։
Խորհրդարանում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քննարկումները մեկնարկել էին օգոստոսի 10-ին։ Մինչ այս խորհրդարանում քննարկվել են 12 հանձնաժողովից 6-ի նախագահների թեկնածությունները։
ՔՊ խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արուսյակ Ջուլհակյանին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Բաբկեն Թունյանին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հայկ Ֆարմանյանին, իսկ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Դավիթ Ղազինյանին։
