Գլխավոր դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 194 մլն դրամ, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, հայտնել են գերատեսչությունից։
Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանում գտնվող երկու անշարժ գույք, չորս տրանսպորտային միջոց, ինչպես նաև մասնակցություն չորս իրավաբանական անձանցում։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 183 մլն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Բռնագանձվել է ևս 10 մլն 566 հազար դրամը, որն ըստ հայցադիմումի չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով և, ըստ հայցադիմումի, ունի ապօրինի ծագում։
