Հայաստանի չորս ներկայացուցիչ ընդգրկվել են 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության լավագույն տասնյակում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Լավագույն տասնյակում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը։
Հիշեցնենք՝ պատանիների մրցաշարում Օհանյանը 9 հնարավորից վաստակել էր 6,5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով նվաճելով բրոնզե մեդալ։
Ֆեդերացիայից հավելել են, որ Սահակյանն ու Սուքիասյանը, ինչպես նաև Փաշիկյանը վաստակել են 6-ական միավոր՝ զբաղեցնելով համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 8-րդ տեղերը։ Փաշիկյանն առաջնության ընթացքում լրացրել է միջազգային վարպետի իր երկրորդ նորման։
Միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Արսեն Դավթյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել են 5,5-ական միավոր։ Էդգար Անդրեասյանը մրցաշարն ավարտել է 4,5, իսկ Ալեքսանդր Ավանեսյանը՝ 3,5 միավորով։
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը 5,5 միավորով կիսել է 9-11-րդ հորիզոնականները և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 11-րդ տեղը։
Պոլինա Կոբակն ու Անգելինա Միրաքյանը վաստակել են 5-ական, իսկ Էմմա Մխիթարյանը՝ 3 միավոր։ Միրաքյանը մրցաշարում իր վարկանիշը բարձրացրել է 125,2, իսկ Հայրապետյանը՝ 92,8 կետով։
Առաջնության վերջին խաղափուլից առաջ Օհանյանը, Սահակյանն ու Սուքիասյանը 6-ական միավորով կիսում էին մրցաշարային աղյուսակի 1-5-րդ հորիզոնականները։
