Ձեր անունը կամ ազգանունը ցանկանո՞ւմ եք փոխել․ ինչպե՞ս կարող եք դա անել

Անձի անվան կամ ազգանվան փոփոխության պետական գրանցումն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնի կողմից։ Ինչպես հայտնում է Iravaban.netը, հարցը կարգավորվում է Ընտանեկան օրենսգրքով և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքով։

Մինչև 16 տարին լրանալը երեխայի անունը կամ ազգանունը կարող է փոխվել ծնողների համատեղ դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով երեխայի կարծիքը։

Եթե ծնողներից մեկը մահացած է, անհայտ բացակայող է, անգործունակ է կամ զրկված է ծնողական իրավունքներից, դիմումը կարող է ներկայացնել մյուս ծնողը։

Եթե ծնողները համաձայն չեն երեխայի անվան կամ ազգանվան փոփոխությանը, այն կարող է իրականացվել ծնողներից մեկի դիմումի հիման վրա՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ։ Նույն եզրակացությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը։

16-ից մինչև 18 տարեկան անձը կարող է փոխել իր անունը և (կամ) ազգանունը ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում անհրաժեշտ է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, բացառությամբ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի։

18 տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը։

Անվան փոփոխության պետական գրանցումից հետո անձին տրամադրվում է անվան փոխման պետական վկայական։ Դրա հետ տրամադրվում են նաև անվան փոփոխության կապակցությամբ անձի այլ քաղաքացիական կացության ակտերում կատարված փոփոխությունների հիման վրա ձևավորված նոր վկայականները, – տեղեկացնում է Iravaban.netը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Անվան և ազգանվան փոփոխության, ինչպես նաև ընտանեկան իրավահարաբերությունների հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment