ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է էապես կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների ծավալը։ Իր որոշումը նա բացատրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է էապես կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների ծավալը։ Իր որոշումը նա բացատրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած լավ հարաբերություններով։
Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ այդ զորավարժությունները մեծ ծախսեր են պահանջում և հիմնականում ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների կողմից։
«Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ընի հետ իմ շատ լավ հարաբերությունները՝ ես դժգոհ եմ, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները նաև «բոլորովին անտեղի և թշնամական ազդակ» են ուղարկում մի երկրի, որը, ըստ ԱՄՆ նախագահի, իր նախագահության ընթացքում իրեն «անվնաս և հարգալից» է պահել։
Թրամփը նշել է, որ զորավարժություններն ամբողջությամբ չեղարկելու համար արդեն ուշ է, ուստի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարել է զգալիորեն կրճատել դրանց մասշտաբը։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ վերջերս Հարավային Կորեայի նախագահին հարցրել է՝ արդյոք Սեուլը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին Իրանի ապամիջուկայնացման հարցում, սակայն բացասական պատասխան է ստացել։ Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է, որ համատեղ զորավարժությունների կրճատումը որևէ կերպ կապված չէ Սեուլի այդ դիրքորոշման հետ։