
Իրանը չի կարող անվերջ ապրել պատերազմական վիճակում, հայտարարել է նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին՝ կոչ անելով չափավոր դիվանագիտական մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների և Իսրայելի նկատմամբ, գրում է Iran International-ը։
«Չնայած Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել, և Իսրայելը ոչնչի առաջ չի կանգնի լարվածությունն ու հակամարտությունը երկարաձգելու համար, այս խոչընդոտը պետք է լուծվի խոհեմությամբ և չափավոր դիվանագիտությամբ»,- ասել է Խաթամին։
Նախկին նախագահը հայտարարել է, որ Իրանը «հավերժ կմնա այստեղ», և որ արտաքին ագրեսիան և լայնածավալ պատերազմը չեն կարողանա տապալել Իրանի կառավարությունը։
Խաթամին հավելել է, որ Թեհրանը կարող է վտանգի ենթարկվել, եթե չլուծի այն խնդիրները, որոնք օտարացրել են հասարակության զգալի մասին. «Մենք չենք կարող ապրել պատերազմական վիճակում։ Մարդիկ չեն կարող, և նման պայմաններում անհնար է շարունակել առօրյա կյանքը, բավարարել մարդկանց կարիքները և կառավարել հասարակությունը»։