Բելգիայի արևելքում գտնվող «Բարձր Ֆեններ» արգելոցում երկրի նորագույն պատմության ամենամասշտաբային հրդեհներից մեկն է բռնկվել։ Associated Press-ի հաղորդմամբ՝ արդեն այրվել է ավելի քան 27 քառակուսի կիլոմետր տարածք։
Կրակի տարածմանը նպաստել են շաբաթներ տևած երաշտն ու 37 աստիճան շոգը, իսկ տարածքի տորֆային ճահիճները խիստ բարդացնում են հրշեջների աշխատանքը: Քամու պատճառով Գերմանիային սահմանակից Լիեժ նահանգում շուրջ 600 մարդ տարհանվել է, իսկ զբոսաշրջիկներին հորդորել են լքել գոտին։
Վտանգն արդեն սպառնում է հարևան պետությանը. գերմանական Մոնշաու քաղաքի իշխանությունները զգուշացրել են, որ կրակն իրենց սահմանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է։
