Իրանը Պարսից ծոցի աղտոտման վնասը գնահատում է մի քանի տրիլիոն դոլար – armeniatoday.am

Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծովի աղտոտումը վերջին տասնամյակների ընթացքում Իրանի ափամերձ տարածքներին մի քանի տրիլիոն դոլարի վնաս է հասցրել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Հայտարարությունը կատարվել է Քեշմ կղզու ափին նավթի արտահոսքից հետո։

Իրանի տվյալներով՝ աղտոտում է արձանագրվել երեք ափամերձ տարածքներում և հարակից ջրերի որոշ հատվածներում։ Նախնական հետաքննությունը որպես արտահոսքի հնարավոր աղբյուր մատնանշում է օտարերկրյա բեռնատար նավը։

Reuters-ը հայտնում է, որ դա կարող է լինել Minoan Pioneer բեռնատար նավը, որը օգոստոսի սկզբին վնասվել է Հորմուզի նեղուցի մոտ։ Արբանյակային մոնիթորինգի տվյալներին հղում անելով՝ գործակալությունը հայտնել է Քեշմ կղզու մոտ նավթի արտահոսքի մասին։

Նավի վնասման հանգամանքները վեճի առարկա են դեռ։ Բաղային հայտարարել է, որ Քեշմում տեղի ունեցած միջադեպը տարածաշրջանում ծովային լայնածավալ աղտոտման միայն մեկ օրինակ է։ Նրա խոսքով՝ նավթատարների և այլ նավերի երկարատև երթևեկությունը հանգեցրել է Պարսից ծոցի և Օմանի ծովի էկոհամակարգերի վատթարացմանը։

«Յուրաքանչյուր կողմ, որը օգտվում է նեղուցով առևտրային նավագնացությունից, կրում է իրավական և բարոյական պատասխանատվություն՝ վերականգնելու շրջակա միջավայրի վնասը», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Նա նաև բարձրացրել է այն հարցը, թե ով պետք է փոխհատուցի շրջակա միջավայրի վնասը՝ տարածաշրջանից էժան էներգիա սպառող երկրները, ապահովագրական ընկերությունները, թե՞ «ագրեսորներն ու նրանց գործընկերները», որոնք Պարսից ծոցը և Օմանի ծովը վերածել են պատերազմի գոտու։

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը Իսլամաբադի միջնորդությամբ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Հուլիսի 7-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր մասշտաբային հարվածներն Իրանին՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։ Իրանի և ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հակասական հայտարարությունների և փոխադարձ հարվածների ֆոնին Պարսից ծոցում նավթի խոշոր արտահոսք է գրանցվել, որը սպառնալիք է ստեղծել Օմանի և Իրանի առափնյա էկոհամակարգերի համար։

Leave a Comment