Եվրամիությանն անդամակցելը Անկարայի համար առաջնահերթություն չէ. հենց Եվրոպան է տուժում ԵՄ-ի շարքերում Թուրքիայի բացակայությունից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եվրոպան, ըստ երևույթին, չի ցանկանում, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին։ Անկարայի համար դա առաջնահերթություն չէ, և հենց Եվրոպան է տուժում ԵՄ-ում Թուրքիայի բացակայությունից», – ասել է Էրդողանը կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին։
Հուլիսի 15-ին ԵՄ խորհուրդը հաստատել է «Ընդհանուր հասկացողություն. մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները. ԵՄ ռազմավարական միջավայրի գնահատում» փաստաթուղթը, որը պարունակում է գնահատականներ Թուրքիայի, Կիպրոսի և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը փաստաթուղթն անվանել է կողմնակալ և անարդար, իսկ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ այն ցույց է տալիս Բրյուսելի կողմից Անկարայի հետ համատեղ ապագայի տեսլականի բացակայությունը։
Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ էր ստացել 1999 թվականին, իսկ անդամակցության բանակցությունները սկսվել էին 2005 թվականին:
Հաջորդ տարիներին բանակցային գործընթացը գործնականում կանգ էր առել օրենքի գերակայության, Կիպրոսում տիրող իրավիճակի, Արևելյան Միջերկրական ծովում հարաբերությունների և մի շարք քաղաքական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով:
