Երևանում օգոստոսի 26-ին «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Համերգ տոտալ մթության մեջ» միջոցառումը։ Այն կմեկնարկի ժամը 19։00-ին՝ Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան պողոտա 17)։ Մուտքն ազատ է։
Համերգը կանցկացվի լիակատար մթության պայմաններում՝ առանց լուսավորության, էկրանների և այլ տեսողական տարրերի։ Հանդիսատեսը չի տեսնի բեմը և նախապես չի իմանա, թե ովքեր են ելույթ ունեցող երաժիշտները։ Նրանց ինքնությունը հայտնի կդառնա միայն համերգի ավարտին, երբ դահլիճում կվառվեն լույսերը։ Կազմակերպիչների մտահղացմամբ՝ ուշադրության կենտրոնում կլինեն բացառապես երաժշտությունն ու ձայնային փորձառությունը՝ առանց կատարողների արտաքին տեսքի, բեմական լուսավորության և այլ տեսողական գործոնների ազդեցության։ Նախագծի առանձնահատկություններից մեկը սովորական դերերի փոխանակումն է․ մթության մեջ հանդիսատեսին կուղեկցեն տեսողության խանգարում ունեցող անձինք՝ հանդես գալով որպես ուղեկցողներ։ Կազմակերպիչների խոսքով՝ առօրյա կյանքում տեսողության խանգարում ունեցող մարդիկ ստիպված են հարմարվել տեսնող մեծամասնության համար ստեղծված միջավայրին, մինչդեռ համերգի ընթացքում իրավիճակը կփոխվի։ Հանդիսատեսը ստիպված կլինի կողմնորոշվել այլ զգայարանների օգնությամբ և վստահել ուղեկցողներին։ «Լիակատար մթության մեջ հայտնվելով՝ հանդիսատեսը կարող է ավելի լավ զգալ շրջակա միջավայրի մատչելիության և հարմարեցումների կարևորությունը»,- նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։ Նրա խոսքով՝ նման փորձառությունը հնարավորություն կտա նաև նորովի դիտարկել առօրյա միջավայրը և ավելի լավ հասկանալ այն մարտահրավերները, որոնց բախվում են տեսողության խանգարում ունեցող մարդիկ։ «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։