
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Կապանը տոնում է իր օրը։ Կապանի համայնքապետարանը կազմակերպել է բազմաբնույթ տոնական միջոցառումներ, որոնք մեկնարկել են վաղ առավոտյան։

Շատրվանների հարակից տարածքում համաքաղաքային ֆլեշմոբի մասնակիցները համատեղ հավաքել են «Իմ տուն Կապան» գրվածքը, ինչն էլ դարձել է տոնական օրվա առաջին խորհրդանշական ուղերձը։

Ավանդույթի համաձայն, տոնական օրվան նվիրված մարզական միջոցառումների շրջանակում, կապանցի երիտասարդները իրենց ուժերը չափել են հեծանվավազք մրցաձևում։

Շուրջ 4 կմ մրցատարածությունը հաղթահարած լավագույն հեծանվորդները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են մեդալներով, հավաստագրերով և խրախուսական նվերներով։

Հատկանշական է, որ 2026 թվականին Կապանը դարձել է նաև ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, ինչն այս տարվա տոնակատարություններին ու մշակութային կյանքին հաղորդում է առանձնակի շուք և միջազգային հնչեղություն։