Շվեյցարիայում սառեցված ռուսաստանյան ակտիվների ընդհանուր ծավալը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է 8,5 մլրդ շվեյցարական ֆրանկի՝ շուրջ 10,4 մլրդ դոլարի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի…
Շվեյցարիայում սառեցված ռուսաստանյան ակտիվների ընդհանուր ծավալը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է 8,5 մլրդ շվեյցարական ֆրանկի՝ շուրջ 10,4 մլրդ դոլարի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարության (SECO) պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիան Մայենֆիշը։
Մեկ տարի առաջ սառեցված ակտիվների ծավալը կազմում էր 7,4 մլրդ շվեյցարական ֆրանկ՝ մոտ 8,4 մլրդ դոլար։
«2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ Շվեյցարիայում սառեցված է 8,5 մլրդ շվեյցարական ֆրանկի ֆինանսական ակտիվ»,- հայտնել է Մայենֆիշը։
Բացի ֆինանսական միջոցներից, սառեցված են նաև պատժամիջոցների տակ գտնվող անձանց և կազմակերպություններին պատկանող 14 անշարժ գույք, սպորտային և շքեղ դասի ավտոմեքենաներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական գործիքներ։
Այս գումարից առանձին Շվեյցարիայում արգելափակված են նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներն ու ակտիվները։ 2026 թվականի հունիսի դրությամբ դրանց ծավալը կազմել է 6,8 մլրդ ֆրանկ՝ մոտ 8,3 մլրդ դոլար։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 7,2 մլրդ ֆրանկ էր՝ մոտ 8,1 մլրդ դոլար։
Մայենֆիշը չի պատասխանել հարցին, թե արդյոք Շվեյցարիան մասնակցում է Euroclear-ում սառեցված ռուսաստանյան ակտիվները ԵՄ նոր դեպոզիտար կառույց տեղափոխելու և դրանք Ուկրաինայի կարիքների համար օգտագործելու նախաձեռնության քննարկումներին։
Նա, սակայն, նշել է, որ Շվեյցարիան ուշադիր հետևում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների շուրջ միջազգային քննարկումներին։ Բեռնում կարևոր են համարում, որ հնարավոր որոշումները համապատասխանեն իրավունքի գերակայության և միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես նաև ապահովեն ֆինանսական կայունությունը։