ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հայտնում է, որ ժամանակակից առցանց խաղերը վաղուց միայն ժամանցի միջոց չեն։ Դրանք հաճախ նաև հաղորդակցման հարթակներ են, որտեղ երեխաները կարող են շփվել անծանոթների հետ և ենթարկվել կիբեռբուլինգի, հոգեբանական ճնշման կամ այլ վտանգների։
Առցանց խաղերում առկա հիմնական ռիսկերից են՝
Անձնական տվյալների արտահոսքը։ Երեխաները, վստահելով առցանց ծանոթներին, կարող են փոխանցել լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ անձնական և զգայուն տվյալներ։
Ծաղրն ու կիբեռբուլինգը։ Երեխաներից ստացված լուսանկարներն ու տեղեկությունները կարող են տարածվել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում, նրանց ծաղրի կամ հետապնդման ենթարկելու նպատակով։
Հոգեբանական ծանր հետևանքները։ Երկարատև ճնշումն ու հետապնդումը կարող են երեխայի մոտ առաջացնել ուժեղ սթրես, վախ, ագրեսիվ վարք կամ նույնիսկ ինքնավնասման մտքեր։
Կիբեռոստիկանությունը ծնողներին հորդորում է՝
- Խոսել երեխայի հետ։
Բացատրել, որ առցանց խաղում ծանոթացած անձը պարտադիր չէ, որ իրական ընկեր լինի։ Երեխային պետք է սովորեցնել երբեք անծանոթներին չտրամադրել անձնական լուսանկարներ, հեռախոսահամար, հասցե կամ այլ զգայուն տեղեկություններ։ - Վերահսկել գաղտնիության կարգավորումները։
Պարբերաբար ստուգել խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները և սահմանափակել անծանոթների կողմից երեխային հաղորդագրություններ ուղարկելու կամ կապ հաստատելու հնարավորությունը։ - Ստեղծել վստահության մթնոլորտ։
Երեխային վստահեցնել, որ ցանկացած սպառնալիքի, շանտաժի, ծաղրի կամ այլ խնդրի դեպքում նա կարող է անմիջապես դիմել ծնողներին և չի պատժվի։ - Ճիշտ արձագանքել առցանց սպառնալիքներին և կիբեռբուլինգին։
Պահպանել ամբողջ նամակագրությունը՝ կատարելով սքրինշոթներ, արգելափակել նամակ ուղարկողին և չմտնել փոխադարձ սպառնալիքներ կամ վիրավորանքներ պարունակող հաղորդակցության մեջ։
Եթե երեխան ենթարկվել է առցանց հարձակման, սպառնալիքի, շանտաժի կամ կիբեռբուլինգի, Կիբեռոստիկանությունը հորդորում է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։
Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար։