Ադրբեջանը 9 անգամ կրճատել է Ռուսաստանից նավթի գնումները ԱՄՆ սպառնալիքի ֆոնին

Ադրբեջանը կտրուկ կրճատել է ռուսական նավթի գնումները ԱՄՆ-ում ռուսական էներգակիրների խոշորագույն գնորդների համար նոր մաքսատուրքերի քննարկման ֆոնին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիրը Ռուսաստանից Ներմուծել է 64,63 հազար տոննա նավթ, ինչը 9,3 անգամ պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մայիսին Ադրբեջան ռուսական նավթի մատակարարումներ չեն իրականացվել։

Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի սենատորների օգնականներին, հայտնել էր, որ Ադրբեջանը, Չինաստանի, Հնդկաստանի, Սլովակիայի և Հունգարիայի հետ մեկտեղ, մտնում է ռուսական նավթի խոշորագույն գնորդների լավագույն հնգյակի մեջ։ Ընդ որում, բուն օրինագծում կոնկրետ երկրներ նշված չեն։

Օգոստոսի 7-ին ԱՄՆ Սենատը 86 կողմ, 11 դեմ ձայներով հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին։ Ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Օրինագիծը նախագահին թույլ է տալիս սահմանել մինչև 100% մաքսատուրքեր այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք մտնում են ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների թվի մեջ կամ օգնում են Ռուսաստանին շրջանցել էներգակիրների արտահանման սահմանափակումները։ Նախաձեռնության նպատակն է կրճատել էներգակիրների արտահանումից Ռուսաստանի եկամուտները։

Սենատորների օգնականների տվյալներով՝ ռուսական բնական գազի խոշորագույն ներմուծողներ են նշվել Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հունգարիան և Բելգիան։ Օրինագիծը բացառություններ է նախատեսում այն երկրների համար, որոնց բաժին է ընկնում ռուսական բնական գազի արտահանման 15%-ից պակասը, և որոնք էական քայլեր են ձեռնարկում գնումները կրճատելու ուղղությամբ։ Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ այս բացառության տակ կարող են ընկնել Ճապոնիան, Ֆրանսիան, Հունգարիան և Բելգիան։

Օրինագծի նախորդ տարբերակում նախատեսվում էին մինչև 500% երկրորդային մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք ձեռք են բերում ռուսական էներգակիրներ։ Թարմացված խմբագրությունում նման մաքսատուրքերի առավելագույն դրույքաչափը իջեցվել է մինչև 100%։ Դեմոկրատական պարտիայի որոշ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել, որ նոր մաքսատուրքերը կարող են հանգեցնել ամերիկացի սպառողների համար գների աճի։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը ութ երկիր է արտահանել 12,431 միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ 4,105 միլիարդ դոլար ընդհանուր գումարով։ Երկիրը մտադիր է ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա՝ ընդգծելով գոյություն ունեցող արտահանման ենթակառուցվածքների թողունակության ընդլայնման անհրաժեշտությունը։

Leave a Comment