Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի կայացրել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ISNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ բանակցությունները վերսկսելու որոշում դեռ չկա, չնայած ուղերձների փոխանակման և կապերի պահպանման ուղղությամբ միջնորդների՝ Կատարի և Պակիստանի ծավալած գործունեությանը։ Նախկինում գոյություն ունեցող կապի ուղիները կորցրել են արդյունավետությունը, և այժմ Իրանը մշակում է ժամանակավոր տարբերակ, որը կարող է դառնալ մշտական։ Իրանի արտգործնախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ կապուղու մասին է խոսքը։
Արաղչին հիշեցրել է, որ Իսլամաբադի հուշագրի համաձայն՝ կողմերը պարտավորվել էին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն ԱՄՆ-ը խախտել է այդ պայմանավորվածությունը։
ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո Կատարը, Պակիստանը և այլ միջնորդներ բազմիցս փորձել են հասնել ռազմական գործողությունների դադարեցմանն ու կողմերի միջև համաձայնության կնքմանը։ Հակամարտության ֆոնին Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը, իսկ Թեհրանն ու Վաշինգտոնը հակասական հայտարարություններ են արել դրա նկատմամբ վերահսկողության և նավագնացության պայմանների վերաբերյալ։ Նեղուցով նավերի երթևեկության դադարեցումը հանգեցրել էր էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի։
Օգոստոսի 9-ին Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ, սակայն կողմերը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում՝ երկխոսության վերսկսման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Օգոստոսի 11-ին Իրանի արտգործնախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններ սկսելու առաջարկ է արել հակամարտության մեկնարկից մոտ 20 օր անց։
