Իրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե պատրաստվում է Հորմուզի նեղուցը «շատ շուտով» հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ի ի�…
Իրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե պատրաստվում է Հորմուզի նեղուցը «շատ շուտով» հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ի իր էջում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել սպառնալիքների կամ ուժի ցուցադրման միջոցով։
«Հորմուզի նեղուցը չի կարելի գրավել ոչ թվիթով, ոչ ավիակրով, ոչ հրամանով, ոչ էլ նախընտրական ելույթով»,- գրել է իրանցի դիվանագետը։
Ղարիբաբադիի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է ընդունի Իրանի հետ դիմակայությունում կրած ռազմավարական պարտությունները։
«Իրանը չի վախենում սպառնալիքներից, և նրան հնարավոր չէ վախեցնել ուժի ցուցադրմամբ»,- նշել է նա։
Իրանի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պատկանել և շարունակելու է պատկանել Իրանին։
«Հորմուզի նեղուցն Իրանինն էր, Իրանինն է և կմնա Իրանինը։ Այս նեղուցը կփակվի և կբացվի միայն Իրանի հրամանով, և քանի դեռ չեք ընդունել ձեր պարտության իրականությունն ու չեք հրաժարվել ձեր պատրանքներից, Իրանը կշարունակի Հորմուզի շրջափակումը»,- հայտարարել է Ղարիբաբադին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն ամբողջությամբ շրջափակել են Հորմուզի նեղուցը։
«Իրանին ամբողջությամբ պարտության մատնելուց հետո ես շատ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարեմ ԱՄՆ տարածք»,- ասել էր ԱՄՆ նախագահը։
Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ նեղուցը չի վերաբացվի այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է միջամտությունը տարածաշրջանում, պահպանում է ծովային շրջափակումը և չի կատարում Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հունիսին ձեռք բերված շրջանակային համաձայնության պահանջները։
Իրանի ռազմական բարձրագույն մարմնի՝ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Իբրահիմ Զոլֆաղարին նույնպես հերքել է Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողության» մասին Թրամփի պնդումը։
«Ոչ մի նավի թույլ չի տրվի անցնել Հորմուզի նեղուցով առանց Իրանի թույլտվության և վերահսկողության»,- հայտարարել է նա։