Վերաքննիչը հաստատել է Հովհաննես Սահակյանին ձերբակալելու կասկածի բացակայությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է, որ ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացի Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, հայտնում է LEGIST փաստաբանական գրասենյակը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը։

Հունիսի 8-ին Ռուսաստան վերադառնալիս Սահակյանը ՀՀ-ում ձերբակալվել էր։ Սահակյանի խոսքով՝ նա ժամանակել էր Երևան՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ «Զվարթնոց» օդանավակայանում նա լրագրողին ասել էր, որ քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի, երեխաների հետ չմնան բարդություններում»։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է, որ Սահակյանին ձերբակելել են ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդման հիմքով։ ՔԿ-ում չեն մանրամասնել հաղորդման բնույթը, միայն նշել են, որ Սահակյանը, «տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին»։ Հունիսի 9-ին Սահակյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց էր կիրառվել։

Leave a Comment