Կոստանյանն ուկրաինացի պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Կիև կատարած այցի ընթացքում ՀՀ փոխարտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսանդր Միշչենկոյի և Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Օլենա Կոնդրատյուկի հետ։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Միշչենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Կողմերն արձանագրել են վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։

Կոստանյանը և Կոնդրատյուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման և երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը:

Ըստ հաղորդագրության՝ նրանք ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը:

Ուկրաինացի պաշտոնյաների հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են ավելի կառուցողական։

Leave a Comment