Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հրապարակել է արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ, որում ներկայանում է որպես Օսթին Փաուերս՝ Մեծ Բրիտանիան «գնելուց» հետո։ Տեսանյութում Մասկը փախչում է երկրպագուհիների բազմությունից, պարում տեղի բնակիչների հետ, իսկ կադրերում հայտնվում են նաև նրա ընկերության արտադրած Optimus մարդանման ռոբոտները։ Տեսանյութում ցուցադրվում է նաև Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով ներկված Cybertruck-ը, որը նման է Օսթին Փաուերսի ֆիլմերում օգտագործված մեքենային։
Տեսանյութում հայտնվում են «Որքա՞ն արժե», «Իլոն Մասկ․ մարդը, ով գնել է Մեծ Բրիտանիան» և «Աշխարհի ամենահարուստ մարդը» գրությունները։ Տեսանյութի հիմքում The Babylon Bee երգիծական լրատվամիջոցի ավելի վաղ հրապարակումն է։ Այն գրել էր, թե իբր Մասկը պատրաստվում է գնել Մեծ Բրիտանիան՝ քաղաքացիներին «խոսքի ազատությունը վերադարձնելու» և մեմերի ազատ տարածումն ապահովելու համար։
