Oգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 4/2 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են էլեկտրալարերը, իսկ փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները նախ մասնատել են ծառը, ապա հեռացրել ճանապարհի երթևեկելի մասից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։