Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է էական կադրային փոփոխություններ իրականացնել իր գլխավորած կառավարության կազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Մասնավորապես, պաշտոնը կարող է կորցնել արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։ Պատճառը չինական BYD ավտոհսկայի կողմից Մանիսա նահանգում 1 մլրդ դոլարի ներդրմամբ էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների գործարանի կառուցման ծրագրի կասեցումն է, որը նախատեսվում էր գործարկել 2026 թվականին։ Քաջըրին կարող է փոխարինել Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալյուք Գյորգյունը։
Բնապահպանության նախարար Մուրաթ Քուրումը, ըստ տեղեկությունների, կարող է գլխավորել տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը՝ փոխարինելով Աբդուլքադիր Ուրալօղլուին։ Սա կապված է Բոսֆորի նեղուցը շրջանցող «Ստամբուլ» նավարկելի ջրանցքի նախագծի իրականացման շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Նախագիծը Էրդողանը ներկայացրել էր դեռևս 2011 թվականին՝ վարչապետության շրջանում, իսկ դրա կառուցման արժեքը, թուրքական իշխանությունների տվյալներով, կկազմի 20 մլրդ դոլար։ Ուրալօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի հրաժարվել նախագծից, և դրա իրականացումը կսկսվի ֆինանսավորում գտնելուն պես։
Հաղորդվում է նաև, որ պաշտոնները կարող են լքել առևտրի նախարար Օմեր Բոլատը և երիտասարդության ու սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքը։ Պատճառները չեն նշվում։
Ընթացիկ տարվա փետրվարին Էրդողանը փոխել էր ներքին գործերի և արդարադատության նախարարներին, իսկ 2023 թվականին կառավարության ձևավորումից ի վեր կաբինետում այլ լուրջ փոփոխություններ չեն իրականացվել։
Տեղական լրատվամիջոցները, հիմնականում՝ ընդդիմադիր, պարբերաբար հայտնում են Էրդողանի կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին, սակայն Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նույն պարբերականությամբ հերքում է այդ տեղեկությունները։
Էրդողանը 2023 թվականի հունիսին վերընտրվելուց հետո զգալիորեն թարմացրել էր կառավարության կազմը․ 17 նախարարներից միայն երկուսն էին պահպանել պաշտոնները։ 2026 թվականին Էրդողանը փոխել էր արդարադատության և ներքին գործերի նախարարներին։