Հայաստանում նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետով, հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: ՆԳՆ ներկայացուցիչների ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Դավթյանը հավելել է, որ նույնականացման քարտի արժեքը կկազմի 5950 դրամ, այն կտրամադրվի հինգ տարի ժամկետով։
Նրա խոսքով՝ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը կմեկնարկի աշնանը։ Պաշտոնյան վստահեցրել է՝ նոր անձնագրերն անվտանգության բաղադրիչներով կհամապատասխանեն Եվրամիությունում գործող ամենաբարձր չափանիշներին։
Նա հիշեցրել է, որ նույնականացման քարտ կկարողանան ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, 16 տարեկանից այն պարտադիր կլինի։ Միաժամանակ նույնականացման քարտ ունենալը պայման կլինի նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։
Դավթյանի փոխանցմամբ՝ գործող հին նմուշի անձնագրերը և նույնականացման քարտերը պարտադիր փոխարինելու պահանջ չի լինի։ Քաղաքացիները կկարողանան դրանք օգտագործել մինչև գործողության ժամկետի ավարտը կամ, ցանկության դեպքում, փոխարինել նոր կենսաչափական փաստաթղթերով՝ անկախ գործող փաստաթղթի մնացած ժամկետից։
ՆԳՆ-ից նա հավելել են, որ նոր համակարգի գործարկումից հետո հին նմուշի փաստաթղթերի տպագրությունը կդադարեցվի։ Եթե քաղաքացին կորցնի կամ վնասի գործող փաստաթուղթը կամ այլ պատճառով նորի կարիք ունենա, նրան արդեն նոր նմուշի փաստաթուղթ կտրամադրվի։
Փաստաթղթերը ստանդարտ կարգով կտրամադրվեն դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում, հավելել է Դավթյանը։ Նախատեսվում են նաև արագացված ծառայություններ, որոնց պայմանների մասին կհայտարարվի ավելի ուշ։
Նոր համակարգի առաջին փուլում նախատեսվում է բացել մասնավորի կողմից սպասարկվող 14 գրասենյակ։
Ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր նոր կենսաչափական անձնագրի ցուցադրական նմուշը։ Նոր անձնագիրը կարմիր գույնի է լինելու։ Արարատ լեռը փաստաթղթում պատկերված է միայն առաջին էջում՝ ՀՀ զինանշանի կազմում, մինչդեռ գործող կապույտ անձնագրերում այն նաև առանձին ներկայացված է էջերում։
Նոր անձնագրի էջերում պատկերված են Հայաստանի մարզերն ու տարբեր խորհրդանիշներ և տեսարժան վայրեր՝ Արագած լեռը, հայոց այբուբենը, Էրեբունի ամրոցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Գառնու տաճարը, Խոր Վիրապը, Կասկադը և այլ պատկերներ։ Խոր Վիրապի հետնամասում Արարատ լեռան փոխարեն պատկերված է Արարատյան դաշտավայրը։
Փաշինյանը հայտնել էր նաև, որ նոր անձնագիրը կունենա բրայլյան տարբերակ։ Գործող կապույտ անձնագրերը կշարունակեն գործել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը, սակայն քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան ավելի վաղ դիմել նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։ Կարդացեք նաև՝
ՀՀ-ում 2027-ից պետք է ներդրվեն անհպում սահմանային անցման ուղիներ․ Փաշինյան
Հայաստանում նույնականացման քարտերը պարտադիր կդառնան 16 տարին լրացած անձանց համար
