Թուրքիան միանում է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ձևավորվող բազմազգ ծովային կոալիցիային, որը նախատեսված է Կարմիր ծովում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում և Ադենի ծոցում նավագնացությունը հութիների հարձակումներից պաշտպանելու համար, գրել է Middle East Eye-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Անկարան մասնակցում է Ջիդդայում ընթացող բանակցություններին։ Կոալիցիան պաշտպանական բնույթ է կրելու, իսկ դրա անդամներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշելու հնարավոր գործողություններին իր մասնակցության ձևաչափը։
Հութիները Եմենում գործող, Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժումն են։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո հութիները վերսկսել են հրթիռային հարձակումներն ու գործողությունները Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում։
Հուլիսի 20-ին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակման մասին՝ սպառնալով թիրախավորել թագավորության հետ կապված նավերը։ Օգոստոսին հութիները մի շարք հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերի և նավթային ենթակառուցվածքների դեմ։
